Հայաստանում անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, «Ալագյազ» զորավարժարանում  անցկացվել է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայի զինծառայողների համատեղ գումարտակային մարտավարական զորավարժությունը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը:

Մարտական հրաձգությամբ ուղեկցվող զորավարժությունը անցկացվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ  Մակարյանի ղեկավարությամբ:

Լրացում. ՀՀ ՊՆ կայքը հայտնել է, որ մարտական կրակով անցկացված գումարտակային մարտավարական զորավարժությանը ներգրավված էին 5-րդ բանակային զորամիավորման և Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները:

Զորավարժության նպատակը ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումն էր հավանական մարտական գործողությունների ընթացքում:

Զորավարժության մտահաղացման համաձայն` պայմանական հակառակորդը, խախտելով ՀՀ պետական սահմանը, մխրճվել էր Միացյալ զորախմբի պաշտպանության գոտու շրջաններ: Հրետանային հուժկու հարվածներով պայմանական հակառակորդի առաջխաղացումը կանգնեցվել է: Որոշում է ընդունվել երկրորդ շարակազմի հարվածային խմբերի կիրառման վերաբերյալ:

Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի հրամանատարությամբ գործող ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմում ներգրավված ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների արդյունքում պայմանական հակառակորդը հետ է շպրտվել և առաջնագիծը վերականգնվել է:

Նշենք, որ ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը գործում է առնվազն 2005 թվականից: 2016-ից միավորման կազմում ընդգրկված են եղել ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան և ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսը, ինչպես նաև ՌԴ ԱԴԾ ստորաբաժանումները, որոնք զբաղվում են հայ-թուրքական պետական սահմանի պաշտպանությամբ:

Նշենք, որ հայկական և ռուսական զինված ուժերի համատեղ զորավարժություններն անցկացվում են պարբերաբար (2013, 2014, 2015):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *