Իրաքը զգուշացնում է Թուրքիային՝ դուրս բերել զորքերը Իրաքի տարածքից

Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին զգուշացրել է Թուրքիային, որ եթե այդ երկրի իշխանությունները թուրքական զորքերը դուրս չբերեն Հյուսիսային Իրաքի տարածքից, դա կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Համաձայն աղբյուրի՝ հոկտեմբերի 4-ին Իրաքի վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի՝ երկրի տարածքից դուրս ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ մանդատը երկարաձգելու որոշմանը, ասել է հետևյալը.

«Մենք բազմիցս զգուշացրել ենք Թուրքիային, որ չմիջամտի Իրաքի հարցերին, բայց Թուրքիայի արկածախնդրությունը կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի: Թուրքական իշխանությունների վարքագիծը ընդունելի չէ և մենք չենք ցանկանում առճակատման մեջ մտնել Թուրքիայի հետ»:

Հոկտեմբերի 5-ին Իրաքի արտաքին գործերի նախարարը կանչել է Իրաքում Թուրքիայի դեսպանին և բողոքի նոտա է ներկայացրել նրան Իրաքում թուրքական զորքերի ներկայացվածության վերաբերյալ:

Նշենք, որ մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 2-ին, Թուրքիայի խորհրդարանը հաստատել է երկրի զինված ուժերի՝ Իրաքում և Սիրիայում և առհասարակ երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ մանդատը 1 տարով երկարաձգելու որոշումը։

Հիշեցնենք, նաև, որ 2015-ի դեկտեմբերի 4-ին Թուրքիայի զինված ուժերը շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների գումարտակ, ինչպես նաև տանկեր են տեղակայել Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում՝ քրդական ինքնավարության Փեշմերգե զինված ուժերին մարզելու պատրվակով:

Թուրքական կողմը պնդում է, որ նրանց նպատակը Մոսուլի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրելու գործողության աջակցելն է: Սակայն, Իրաքի կառավարությունը նշում, որ իրենք ոչ մի երկրի զինված ուժի չեն հրավիրել Իրաք և թուրքական զորքերի անվանել է զավթիչներ: 

2 responses to “Իրաքը զգուշացնում է Թուրքիային՝ դուրս բերել զորքերը Իրաքի տարածքից

  1. Pingback: ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում հարգել Իրաքի ինքնիշխանությունը | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան տանկեր և այլ զինտեխնիկա կուտակում Իրաքի հետ սահմանին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *