Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Հայաստանի նախագահի հրամանագրով Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Գեներալ-գնդապետ Խաչատուրովը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

Յուրի Գրիգորիի Խաչատուրովի կենսագրությունը

Ծնվել է 1952թ. մայիսի 1-ին Վրաստանի ԽՍՀ Տետրի-Ցկարո քաղաքում:

1969թ. ընդունվել է Թբիլիսիի հրետանային հրամանատարական Կարմիր շքանշանի ուսումնարանը, որը գերազանցությամբ ավարտել է 1974թ.: 1974-1982թ.թ. հեռավոր արևելյան զինվորական օկրուգում զբաղեցրել է դասակի հրամանատարի, մարտկոցի հրամանատարի, հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ շտաբի պետի, առանձին հակատանկային հրետանային դիվիզիոնի հրամանատարի պաշտոններ:

1982թ. օգոստոսից մինչև 1985թ. հունիսը եղել է Լենինգրադի Մ.Ի.Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր: Ակադեմիան հաջողությամբ ավարտելուց հետո նշանակվել է Բելոռուսի զինվորական օկրուգի տանկային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնին:

1987թ.-ից մինչև 1989թ. փետրվարը ծառայել է Աֆղանստանում` 40-րդ բանակի 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնում: 1989թ. հոկտեմբերին Աֆղանստանում ծառայությունն ավարտելուց հետո նշանակվել է Բելոռուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատարի պաշտոնին:

1992թ. ապրիլին Բելոռուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով գործուղվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրության տակ և նշանակվել 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարի պաշտոնին:

Ակտիվորեն մասնակցել է ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը և Արցախում մարտական գործողություններին:

1992թ. սեպտեմբերին նշանակվել է սահմանապահ զորքերի վարչության պետ-ՀՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնին:
Անձամբ մասնակցել է Գորիսի մոտոհրաձգային գնդի, Տավուշի մոտոհրաձգային բրիգադի, 1-ին և 4-րդ բանակային կորպուսների ձևավորմանն ու կայացմանը, երկար տարիներ ղեկավարել է այդ զորամասերը, միավորումները և խմբավորումները: Զբաղեցրել է նաև օպերատիվ ուղղության հրամանատարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնները:

ՀՀ նախագահի 2000թ. մարտի 21-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնին: ՀՀ նախագահի 2008թ. ապրիլի 15-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնին:

1995թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում, 2000թ.` «գեներալ-լեյտենանտ», 2008թ. ապրիլի 15-ին` «գեներալ-գնդապետ»:

ՀՀ Նախագահի` 2009թ.-ի հունվարի 31-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Աֆղանստանում ծառայության ընթացքում պարգևատրվել է «Կարմիր Աստղ» երկու շքանշաններով, «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայության համար» շքանշանով, աֆղանական «Աստղ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Արցախում մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու, զորամասերը, միավորումները և խմբավորումները հաջողությամբ ղեկավարելու, Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործում անձնական ավանդի համար պարգևատրվել է «Մարտական Խաչ» շքանշաններով, «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով, այլ մեդալներով ու պարգևներով:

Ամուսնացած է, ունի երեք որդի:

One response to “Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

  1. Pingback: ՀՀ նախագահը ներկայացրել է ԱԱԽ քարտուղար Յուրի Խաչատուրովին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *