Ռուսաստանը մեծացնում է Սիրիայի իր ավիախումբը

Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների դեմ ավիահարվածներին մասնակցող ռուսաստանյան ավիախումբը համալրել են ՌԴ ԶՈւ Սու-24 և Սու-34 մի քանի ռմբակոծիչ ինքնաթիռներ։ Այս մասին ռուսաստանյան «Իզվեստիա» լրատվակայքին հայտնել են նրա աղբյուրները։

ՌԴ ԶՈւ Սու-30 կործանիչները և Սու-25 գրոհիչները՝ կայանած Լաթաքիայի ռուսաստանյան ռազմաբազայում

ՌԴ ԶՈւ Սու-30 կործանիչները և Սու-25 գրոհիչները՝ կայանած Լաթաքիայի ռուսաստանյան ռազմաբազայում (արխիվ)

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նոր ինքնաթիռներն ավիախումբը համալրել են մյուս ինքնաթիռների պլանային փոխարինման հետ միաժամանակ։

Բացի արդեն Սիրիա տեղափոխված ինքնաթիռներից, ռուսաստանյան կողմը նախատեսում է այնտեղ ուղարկել նաև Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ, որոնք նույնպես կմասնակցեն ավիահարվածներին։ Այս ինքնաթիռների խումբը, ըստ լրատվամիջոցի աղբյուրի, «կազմ ու պատրաստ» սպասում է հրամանի՝ 2-3 օրում Սիրիա տեղափոխվելու համար։

Լրատվամիջոցը նշում է, որ Սու-25 գրոհիչները Սիրիայում կիրառվելու են ռմբակոծիչների դերում։ Դրանք, ի տարբերություն մյուս ինքնաթիռների, ավելի քիչ սպասարկում են պահանջում, ինչը հեշտացնում է դրանց կիրառությունը։

Բացի այդ, ռուսաստանցի փորձագետ Անտոն Լաավրովը լրատվամիջոցին հայտնել է, որ Սու-25-երը կարող են օրական մինչև 10 թռիչք անել, մինչդեռ օրինակ Սու-34 ռմբակոծիչները կարող են օրական միայն երկու թռիչք կատարել։ Սա նույնպես ավելի արդյունավետ է դարձնում Սու-25-երի կիրառումը։

Լրատվամիջոցը նշում է, որ այս ավիախմբի մեծացմանը Ռուսաստանը գնացել է այն բանից հետո, երբ Սիրիայում չի հաջողվել հրադադար հաստատել։

Հրադադարը, հիշեցնենք, Սիրիայում ուժի մեջ էր մտել սեպտեմբերի 12-ին` արևի մայր մտնելուն պես: Մի քանի օր անց, սակայն, մի շարք բախումներ եղան կառավարական ուժերի և զինյալ խմբավորումների միջև, ինչից հետո հրադադարի ռեժիմը չեղարկվեց:

Տեղին է հիշեցնել նաև, որ օրեր առաջ Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիայի ափերի մոտ է ուղարկում իր «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը, որի վրա հերթապահություն են իրականացնելու 15 միավոր Սու-33 կործանիչներ, ՄիԳ-29/ԿՈւԲ կործանիչներ և մոտ 10 միավոր Կա–52Կ, Կա-27, Կա-31 ուղղաթիռներ:

Ինչ վերաբերում է Սիրիայում գործող ռուսասանյան ավիախմբին, ապա Ռուսաստանը Սիրիայի կառավարության թույտվությամբ այդ երկրի տարածքում իր ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներ տեղակայել է դեռևս 2015-ի հոկտեմբերից և ավիահարվածներ է հասցնում ահաբեկչական խմբավորումների դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *