Թուրքիան պահանջում է քրդերին դուրս թողնել Ռաքքայի գրավման գործողությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Իսլամական պետության» կենտրոն Ռաքքա քաղաքը գրավելու գործողությանը մասնակցելու դիմաց ԱՄՆ-ից պահանջումէ գործողությունից դուրս թողնել Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներին» (YPG): Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի նախագահը վստահեցնում է, որ Ռաքքայի գրավման գործողության համար լիովին բավական են «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) խմբավորման ստորաբաժանումները: Սակայն նշենք, որ ՍԱԲ-ը որպես կառույց արդեն շուրջ 2 տարի միասնական չի գործում: Թուրքիայի վստահելի խմբավորումների թվում հիմնական ուժը Սիրիայի թուրքմեններն են, որոնք մշտապես աջակցություն են ստանում Թուրքիայից:

Էրդողանի առաջարկի համաձայն, ՍԱԲ-ի զինյալները պետք է ցամաքային գործողություններ իրականացնեն, իսկ Թուրքիայի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը՝ ավիահարվածներ հասցնեն ԻՊ դիրքերին:

Նշենք, որ նմանատիպ առաջարկ առավել վաղ առաջ էր քաշել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը: Սակայն ամերիկյան կողմը դեռևս հստակ պատասխան չի տվել թուրքական կողմի հարցադրումներին:

Նշենք, որ քրդերին գործողությունից դուրս թողնելու առաջարկները կապված են թուրքական իշխանությունների այն մտավախության հետ, որ քրդական ուժերի ազդեցությունը Սիրիայի տարածքում էլ ավելի կաճի, ինչը ապագայում կարող է հանգեցնել Թուրքիայի սահմանի երկայնքով քրդական պետական կազմավորման ձևավորմանը: Հիմնականում սրան կանխելուն էր ուղղված նաև 2016-ի օգոստոսի 24-ին թուրքական զորքերի Սիրիա ներխուժումը:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ թուրքական զինուժը և վերջինիս աջակցությամբ գործող զինյալները առայժմ հայտարարված արագությամբ և հաջողությամբ չեն կարողանում գործել ԻՊ ուժերի դեմ: Մասնավորապես թուրքական ուժերը դեռևս, չնայած հայտարարություններին, չեն կարողանում գրավել Հալեպի հյուսիսում տեղակայված Էլ-Բաբ բնակավայրը:

Այս համատեքստում նույն ուժերով ԻՊ «մայրաքաղաքը» գրավելուն ուղղված հայտարարությունները առայժմ հույս չեն ներշնչում: Իսկ Սիրիա թուրքական հետևակ մտցնելու մտադրությունները թուրքական կողմը առայժմ հերքում է:

Թուրքիայի նախագահը առաջ է քաշում նաև ՍԱԲ-ի զինյալներից Սիրիայի «ազգային բանակ» ձևավորելու գաղափարը: Սրանով թուրքական կողմը փորձում է ավելացնել իրեն հավատարիմ զինյալների ազդեցությունը Սիրիայում և նոր ուժեր ձևավորել Ասադին հավատարիմ կառավարակն ուժերի դեմ: