Ադրբեջանի ԱԳՆ զեկույցները բացահայտել են Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն 10 մարտական կորուստ

Razm.info-ն համեմատել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի զեկույցները այդ երկրի պետական մարմինների հայտնած, ինչպես նաև Ռազմինֆոյի արձանագրած տվյալների հետ, ինչի շնորհիվ հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն ևս 10 մարտական կորստի մասին (2014-15թթ.)։

Ադրբեջանը ՄԱԿ է ներկայացրել է իր կորուստների և հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ամսական զեկույցներ, որոնցում հայտնում են, թե նշված ամսվա որ օրը քանի կորուստ են ունեցել՝ նշելով ժամը և միջադեպի վայրը, երբեմն էլ նաև անուններ։

ՄԱԿ-ում Ադրբեջանի զեկույցներին ուղիղ հղում չենք կարող դնել, քանի որ կայքը հնարավորություն չի տալիս նույն հղումը երկրորդ անգամ բացել։ Փաստաթղթերը կարող եք այստեղ։ Զեկույցներից մեկը՝ որպես օրինակ, կարող եք ներբեռնել Ռազմինֆոյի կայքից:

Այսպիսով 2015 թվականի համար արձանագրել ենք Ադրբեջանի ՊՆ թաքցրած 8 մարտական կորուստ, որոնցից 2-ը՝ վերապահումներով (նշված են աստղանիշով)։

Հունվարի 4. Ադրբեջանի ԱԳՆ-ն իր զեկույցում՝ անուն չնշելով, հայտնում է, որ Սեյսուլանի ուղղությամբ հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել: Այս կորստի մասին Ադրբեջանի ՊՆ-ն չէր հայտնել։

Հունվարի 18. Ադրբեջանի զեկույցում՝ կրկին անուն չնշելով, հայտնվում է, որ  Թարթառի  ուղղությամբ հայկական կողմի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ այլ զինծառայող, ում մասին Ադրբեջանի ՊՆ-ն նույնպես չէր հայտնել։

[Լրացում] Ավելի ուշ բաց աբյուրներից հայտնի դարձավ նաև այդ օրվա կորուստի անունը՝ Մուրադով Իլգար Յուսիֆ օղլուի (Muradov İlgar Yusif oğlu):

* Հունվարի 22. Կրկին առանց անուն տալու զեկույցում նշվում է Ֆիզուլիի շրջանում հայկական գնդակից սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի մասին։

Սպանված դիպուկահար, Բաբաշով Նիզամի Շամիլ օղլու

Սպանված դիպուկահար, Բաբաշով Նիզամի Շամիլ օղլու

Նշենք սակայն, որ 2015 թ. հունվարի 23-ին, երկրի ՊՆ-ին հղումով, ադրբեջանական Qafqazinfo լրատվակայքը հայտնել էր «զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցից» սպանված զինծառայող Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուի թաղման մասին։ Նրան թաղել են պատվո պահակախմբի մասնակցությամբ, պատվո համազարկով և բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ, ինչը հատուկ է մարտական պայմաններում սպանվածներին։

Ուստի ենթադրում ենք, որ սպանված Բաբաշովը հենց ԱԳՆ հայտնած մարտական կորուստն է, ում Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է ներկայացնել որպես «զենքի հետ անզգույշ վարվելու» արդյունքում սպանվածի։ Հակառակ դեպքում, ավելանում է ևս մեկ չհայտնած կորուստ։

2015-ի հունվարի 22-ի համար Ադրբեջանի ԱԳՆ հայտնած մարտական կորուստը

2015-ի հունվարի 22-ի համար Ադրբեջանի ԱԳՆ հայտնած մարտական կորուստը

Օգոստոսի 22. Ադրբեջանի ԱԳՆ-ն իր զեկույցում, անուն չնշելով, հայտնել է, որ Մարտունու (ադրբեջանական տարբերակում՝ «Խոջավենդի») ուղղությամբ հայկական կողմի կրակից սպանվել է ադրբեջանցի զինծառայող: Այս մասին երկրի ՊՆ-ն չէր հայտնել։

Օգոստոսի 24. Ադրբեջանի ԱԳՆ-ն իր զեկույցում, անուն չնշելով, հայտնել է, որ Թարթառի ուղղությամբ հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայող է սպանվել, որի մասին Ադրբեջանի ՊՆ-ն չէր հայտնել։

* Սեպտեմբերի 25. Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմի ականանետային կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Մամեդով Էլշան Վագիֆ օղլուն։ Նույն  օրվա համար կորուստ է հայտնում նաև ԱԳՆ-ն, սակայն մահվան պատճառ էր նշել հայկական կողմի հրազենի կրակոցը։

Դատելով նույն օրը կորստի պատճառի մասին երկու գերատեսչությունների տված իրարից տարբեր պատճառներից՝ չի կարելի բացառել, որ ԱԳՆ և ՊՆ հայտնած կորուստները երկու տարբեր մարդիկ են։

Սեպտեմբերի 27. Ինչպես դեպքի հաջորդ օրը հաղորդել է Ռազմինֆոն՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր մարտական 3 կորուստի մասին՝ Վելիև Ռաուֆ Ֆախրեդդին օղլու, Ահմադզադե Նարիման Իսփանդիյար օղլու, Մուսթաֆազադե Զյոհրաբ Նամիգ օղլու։

Սակայն նույն օրվա համար Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է 5 կորստի մասին՝ մեկը Ֆիզուլիի, իսկ չորսը Գետաբեկի ուղղությամբ։ Այսպիսով միայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ՊՆ-ն թաքցրել էր առնվազն 2 կորուստ։

2015-ի սեպտեմբերի 27-ի համար Ադրբեջանի ԱԳՆ հայտնած 5 մարտական կորուստները

2015-ի սեպտեմբերի 27-ի համար Ադրբեջանի ԱԳՆ հայտնած 5 մարտական կորուստները

2014 թվականի համար արձանագրել ենք Ադրբեջանի ՊՆ  թաքցրած 2 մարտական կորուստ։

Օգոստոսի 4-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ հոսպիտալում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գարազադե Անար Վիդադի օղլուն։ Նույն օրվա համար Ադրբեջանի ԱԳՆ-ն , անունը չնշելով, հայտնում է Գերանբոյի հատվածում մարտական զոհի մասին։

Սակայն ադրբեջանական բաց այլ աղբյուրների հետազոտության արդյուքնում պարզ է դարձել, որ Գարազադե Անար Վիվադի օղլուն վիրավորվել էր դեռ հուլիսի 31-ի օգոստոսի 1-ի լույս գիշերը և մահացել օգոստոսի 4-ին հոսպիտալում։ Ուստի մեծ հավանականություն կա, որ օգոստոսի 4-ի համար Ադրբեջանի ՊՆ և ԱԳՆ՝ ՄԱԿ-ին հայտնած մարտական կորուստները երկու տարբեր մարդիկ են։

Ադրբեջանի ՊՆ-ն ը հայտնել էր, որ նոյեմբերի 20-ին ժամը 12։45-ի սահմաններում «հայկական կողմից արձակած գնդակից» մարտական դիրքում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ազիզով Ռուսթամ Իզզեթ օղլուն։ Նույն օրվա համար ԱԳՆ-ն Գերանբոյի հատվածում ևս կորուստ էր արձանագրել՝ մահվան ժամ նշելով 14։40-ը։

Բացի այդ, ադրբեջանական բաց այլ աղբյուրների հետազոտության արդյունքում պարզ էր դարձել, որ Ադրբեջանի ՊՆ հայտնած  Ազիզով Ռուսթամ Իզզեթ օղլուն ծառայում էր Աղդամի զորամասերից մեկում, ինչը բավականին հեռու է ԱԳՆ նշած Գերանբոյից։

Այսպիսով գրեթե վստահորեն կարելի է արձանագրել, որ նոյեմբերի 20-ի համար Ադրբեջանի ՊՆ և ԱԳՆ հայտնած մարտական կորուստները ևս երկու տարբեր մարդիկ են։

Նշում Ա. Ռազմինֆոն մարտական կորուստ է դիտարկում մարտերի ընթացքում արձակված կրակի և ականի պայթյունի հետևանքով զոհվածներին։

Նշում Բ. Բաց աղբյուրների հետազոտությունը տվյալ դեպքում ադրբեջանական բաց (հասանելի) աղբյուրներից (պաշտոնական կայքերից, լրատվական կայքերի ավելի ուշ հրապարակումներից, սոցիալական ցանցերից ևն) ստացված տեղեկատվությունն ու դրա վերլուծությունն է։

One response to “Ադրբեջանի ԱԳՆ զեկույցները բացահայտել են Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն 10 մարտական կորուստ

  1. Pingback: Ադրբեջանի ԶՈւ և այլ ուժային կառույցների հայտնի կորուստները 2016-ին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *