Սիրիայում ԱՄՆ և ՌԴ համաձայնությամբ հրադադարի հաստատման չկայացած համաձայնագրի տեքստը

Associated Press գործակալությունը հրապարակել է սեպտեմբերի 9-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` ժնևյան բանակցությունների արդյունքում ձեռքբերված համաձայնությամբ հրադադարի ռեժիմի հաստատման համաձայնագրի տեքստը:

Կողմերը որոշել էին համաձայնագիրը գաղտնի պահել, սակայն այլ երկրներ, մասնավորապես Ֆրանսիան, դժգոհ էին մնացել գաղտնիության պայմաններից:

Փաստաթղթում նշված է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պատրաստվում են համատեղ ջանքեր գործադրել Սիրիայում իրավիճակի կայունացման գործում, մասնավորապես հատուկ ուշադրություն դարձնել Հալեպին, հստակեցնել ահաբեկչական խմբավորումների տարածքները, սահմանազատել չափավոր ընդդիմադիրներին ահաբեկիչներից:

Առաջին օրը կողմերը պարտավորվում էին դադարեցնել ամեն տեսակի զինատեսակի օգտագործում, այդ թվում՝ օդային հարվածներ, հրթիռներ, գնդացիրներ, հակատանկային կառավարվող հրթիռներ, չպետք  է փորձեն ընդարձակել իրենց տիրույթները, ինչն էլ ենթադրում էր, որ հումանիտար օգնությունը արագ, ապահով, անխոչընդոտ կհասնի նշանակված վայր: Միայն ինքնապաշտպանության անհրաժեշտության դեպքում թույլատրվում էր օգտագործել «համաչափ ուժ»:

Առաջին օրվանից 48 ժամ անց՝ համաձայնագրի պահպանման դեպքում, նախատեսվում էր երկարաձգել հրադադարի ռեժիմի ժամկետը: Ներկայացված էին հումանիտար օգնություն հասցնելու և այլ միջոցառումների ընթացքը:

7 օր հրադադարի ռեժիմի պահպանման դեպքում Ռուսաստանը և ԱՄՆ-ն ստեղծելու էին համատեղ գործունեության կենտրոն, որը պետք է տարանջատեր չափավոր ընդդիմադիրներին  ահաբեկչական խմբավորումներից: Դրանից հետո ՌԴ և ԱՄՆ օդային ուժերը պետք է սկսեին ավիահարվածներ հասցնել ահաբեկչական խմբավորումներին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ամերիկայի համաձայնությամբ հրադադարի ռեժիմը ուժի մեջ էր մտել սեպտեմբերի 12-ին` արևի մայր մտնելուն պես։ Սակայն հրադադարի ռեժիմի չպահպանման պատճառով սեպտեմբերի 19-ին Սիրիայի ԶՈւ-ի հրամանատարությունը հայտնել էր հայտարարված հրադադարի ռեժիմի ավարտի մասին։ Հայտարարության մեջ նշված էր, որ ահաբեկիչները չեն հետևել հրադադարի ռեժիմի կետերին և խախտել են այն ավելին քան 300 անգամ։

Նշենք նաև, որ այս ժամանակահատվածում ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերը հարվածել էին Դեր Զորում սիրիական բանակի դիրքերին։ Այսպիսով՝ հրադարի ռեժիմի հաստատման փորձը այս անգամ նույնպես ձախողվեց:

Նշենք, որ սա այս տարվա ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ Սիրիայում հրադադար հաստատելու երկրորդ փորձն էր: Առաջինը փետրվարին էր, երբ ՌԴ նախագահը ԱՄՆ նախագահի հետ համաձայնության էր հասել հրադադարի ռեժիմի հաստատման հարցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *