Թուրքիան պատրաստվում է «անվտանգության գոտի» ստեղծել Սիրիայում

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի նիստին ընդառաջ հայտարարել է, որ «Թուրքիային ասում են Էլ-Բաբ մի շարժվեք, սակայն մենք որտեղ պետք լինի՝ այնտեղ էլ գնալու ենք»՝ վերահաստատելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի համար «անվտանգության գոտի» ստեղծելու մտադրությունները: Թուրքիայի նախագահի հայտարարությունը փոխանցում է թուրքական T24 հեռուստաալիքի կայքը:

Իրավիճակը Սիրիայի հյուսիսային շրջաններում՝ 2016 թ. սեպտեմբերի 7-ի դրությամբ

Իրավիճակը Սիրիայի հյուսիսային շրջաններում՝ 2016 թ. սեպտեմբերի 7-ի դրությամբ

Թուրքիայի նախագահը հարցազրույց է տվել օդանավակայանում՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստին մասնակցելու համար Նյու Յորք մեկնելուց առաջ: Էրդողանը անդրադարձել է մի շարք խնդիրների՝ մեծ ուշադրություն հատկացնելով հատկապես թուրքական բանակի՝ Սիրիայի տարածք ներխուժմանը:

Էրդողանը նշել է, որ Սիրիայի տարածքում գործողությունների ընթացքում թուրական զինուժը արդեն իսկ հսկողություն է սահմանել շուրջ 900 քառ. կմ տարածքի նկատմամբ և ցանկանում է ընդլայնել իր ազդեցության գոտին: Նշված 900-ից 500 քառ. կմ-ը Թուրքիայի ղեկավարի հաղորդմամբ վերածվել է «անվտանգության գոտու» և վերաբնակեցվում է սիրիացի փախստականներով:

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ինչպես և իրենք առավել վաղ հայտարարել են, թույլ չեն տա, որպեսզի Սիրիայի տարածքում քրդական երկու խոշոր միավորումների միջև միջանցք ստեղծվի, և Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) և «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) կկարողանան միավորվել:

Էրդողանը իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծում է, որ այդ «անվտանգության գոտի» կոչվածը իրականում ուղղված է Սիրիայի քրդերի դեմ և նպատակ ունի կանգնեցնել նրանց առաջխաղացումը: «Իսլամական պետության» դեմ պայքարի տակ հանդես գալը ընդամենը Սիրիա ներխուժումը հիմնավորելու միջոցներից մեկն է:

Իր ելույթում Թուրքիայի նախագահը մեղադրում է ԱՄՆ-ին, եվրոպական երկրների և Ռուսաստանին, որ նրանք մինչ գործողությունների սկսելը հայտարարել են, որ կաջակցեն Թուրքիայի գործողություններին Սիրիայի տարածքում, սակայն այժմ պահանջում են, որպեսզի Թուրքիան կանգնեցնի առաջխաղացումը դեպի Հալեպի հյուսիսում տեղակայված Էլ-Բաբ քաղաք: Սակայն Էրդողանը հայտարարում է, որ թուրքական զինուժը շարունակելու է առաջխաղացումը և ձևավորելու է իր համար այդքան անհրաժեշտ «անվտանգության գոտին»:

Հիշեցնենք՝ արդեն շուրջ մեկ ամիս է (օգոստոսի 24-ից), ինչ թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Գրավելով Ջերաբլուս քաղաքը և նրան հարող շրջանները՝ սեպտեմբերի 16-ին Թուրքիայի զինուժը Սիրիայի թուրքմեն զինյալների օգնությամբ սկսել է Հալեպից հյուսիս ընկած Էլ-Բաբ բնակավայրը գրավելու գործողությունը: Էլ-Բաբը գրավելու դեպքում Թուրքիան կհայտնվի Հալեպի մատույցներում, ինչը կարող է հանգեցնել նաև Սիրիայի կառավարական ուժերի հետ բախումների և ավելի սրել իրավիճակը Սիրիայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *