Սիրիայի սահմանին Իսրայելը առաջին անգամ հակահրթիռային Iron Dome համակարգ է կիրառել

Սեպտեմբերի 17-ին Իսրայելը առաջին անգամ Սիրիայի տարածքից դեպի Իսրայել արձակված հրթիռները կասեցնելու համար գործի է դրել սեփական արտադրության Iron Dome հակահրթիռային պաշտպանության համակարգը: Այս մասին հայտնում է Reuters լրատվալան գործակալությունը:

Իսրայելական Iron Dome հակահրթիռային պաշտպանության համակարգը հրթիռ արձակելիս

Իսրայելական Iron Dome հակահրթիռային պաշտպանության համակարգը հրթիռ արձակելիս

Նշվում է, որ չնայած՝ Սիրիայում  տարբեր խմբավորումների միջև ընթացող կռիվները հաճախակի ներթափանցել են Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներ, սա առաջին դեպքն է, որ այդ ուղղությամբ Իսրայելը կիրառել է Iron Dome հակահրթիռային պաշտպանության համակարգ:

Համակարգը կիրառելու մասին իր Թվիթերի էջում հայտնել է նաև Իսրայելի պաշտպանության բանակը՝ նշելով, որ վիրավորներ չկան:

Իսրայելը սովորաբար Iron Dome համակարգերը տեղակայում է միջսահմանային կրակի թիրախում գտնվող շրջաններում՝ մասնավորապես Գազայի հատվածի մերձակայքում, որտեղից դեպի Իսրայելի տարածք պարբերաբար հրթիռներ են արձակվում:

Սիրիայի պարագայում, սակայն, Իսրայելը իր տարածք արձակված կրակին հաճախ պատասխանում էր ավիահարվածներով` մասնավորապես սեպտեմբերի 14-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները 2 ավիահարված էին հասցրել Սիրիայի Ղունայտռա նահանգում տեղակայված սիրիական կառավարական ուժերի հրետանային բազային:

Իսկ ավելի վաղը, ի պատասխան Սիրիայի տարծքից դեպի Իսրայել արձակված կրակին, Իսրայելի ՌՕՈւ-ն պատասխան գործողություններ էր իրականցրել, որից հետո Սիրիայի բանակի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ  Սիրիայի զինված ուժերը  խոցել են Իսրայելի ՌՕՈւ մեկ ինքնաթիռ և մեկ անօդաչու թռչող սարք, սակայն Իսրայելի պաշտպանության բանակը հերքեց ինքնաթիռի խոցվելու մասին լուրը։

Իսրայելի ինքնաթիռի և անօդաչու թռչող սարքի խոցման վայրերն ըստ սիրիական կողմի

Իսրայելի ինքնաթիռի և անօդաչու թռչող սարքի խոցման վայրերն ըստ սիրիական կողմի

Հավելենք՝ սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ստորագրված Իսրայելին 10 տարվա ընթացքում 38 մլրդ ԱՄՆ դոլարի (տարեկան 3,8 միլիարդ)  ռազմական օգնության տրամադրման համաձայնագիրի շրջանակներում տարեկան  500 մլն դոլար ուղղվելու է Իսրայելի հակահրթիռային պաշտպանության ֆինանսավորմանը, որի մաս է կազմում նաև Iron Dome համակարգը:

Նշենք, որ իսրայելական Iron Dome հակահրթիռային պաշտպանության համակարգը նախատեսված է հակառակորդի չկառավարվող հրթիռների հայտնաբերման ու ոչնչացման համար: Համակարգը հայտնաբերում ու սեփական հրթիռներով ոչնչացնում է հակառակորդի՝ 4-ից 70 կմ հեռավորությունից արձակված չկառավարվող հրթիռներն ու արկերը: Համակարգը զինված է 90 կգ զանգվածով և 1,6 մ տրամագծով հրթիռներով, որոնց վրա էլ տեղադվրած են նշանառման հրթիռները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *