Ուորլիք. ԱՄՆ-ն սահմանափակ քանակով պաշտպանական զենք է մատակարում Հայաստանին և Ադրբեջանին

Սեպտեմբերի 11-ին ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալության կայքում հրապարակված հարցազրույցում  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին միայն սահմանափակ քանակով պաշտպանական զենք է մատակարարում:

Հայաստանի զինծառայողների ցուցադրական մարզում ԱՄՆ ԶՈւ խորհրդատուների ներկայությամբ

Հայաստանի զինծառայողների ցուցադրական մարզում ԱՄՆ ԶՈւ խորհրդատուների ներկայությամբ (արխիվ)

Լրագրողի հարցին՝ այսինքն ԱՄՆ-ն երկու կողմերին էլ պաշտպանական զենք է վաճառո՞ւմ, Ուրլիքը պատասխանել է. «Մենք երկու երկրներին էլ տրամադրել ենք ռազմական համագործակցություն: Բայց նրանցից ոչ մեկի հետ չունենք զենքի մատակարարման հարաբերություններ»:

Ըստ համանախագահի` ԱՄՆ-ն ցանկանում է սերտ հարաբերություններ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի հետ, սակայն կողմերից ոչ մեկին զենք չի մատակարարում: ԱՄՆ-ն մատակարարում է պաշտպանական զենք:

Ուորլիքը նշել է, որ զենքի մատակարարման հարցում, մասնավորապես Ադրբեջանի վերաբերյալ, Կոնգրեսի կողմից  կա օրինականացված մանդատ, որն ԱՄՆ-ին թույլ չի տալիս Ադրբեջանին վաճառել զենք, որը կարող է հարձակողական նպատակներով օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:

Ավելացնենք, որ Հայաստանին և Ադրբեջանին ԱՄՆ պաշտպանության նախարարության և պետդեպարտամենտի ծրագրերով տրամադրված ռազմական օգնության ծավալները և համեմատությունը կարող եք տեսնել Ռազմինֆոյի «ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին և Ադրբեջանին. ընդլայնված ցուցակ» հոդվածում :

Այդ օգնությունը ենթադրում է մարզումներ և այլ ծրագրեր: Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ռազմինֆոյին տեղեկացրել է, որ Հայաստանը և Ադրբեջանն այդ ծրագրերից օգտվելու համար «ստանում են միևնույն հրավերները` կարող են օգտվել, կարող են` ոչ»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *