Թուրքիան գերմանացի պաշտոնյաներին թույլատրել է այցելել Ինջիրլիք ավիաբազա

Թուքիան, մեկ անգամ մերժելուց հետո, թույլ է տվել, որ հոկտեմբերին գերմանացի պատգամավորները այցելեն Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված գերմանացի զինվորականներին: Այս մասին օգոստոսի 6-ին հայտնել է Գերմանիայի արտգործնախարարը. փոխանցում է բրիտանական Reuters գործակալությունը:

Աղբյուրը, սակայն, նշում է, որ դեռ պարզ չէ, թե թույլտվությունը ընդամենը մեկանգամյա այցելությանն է վերաբերում, թե ավելի ընդհանուր բնույթ է կրում:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ Գերմանիան իրականացրել է իր առջև դրված պայմանը, ինչից հետո արդեն «Ինջիրլիք» մուտքը բացվել է:

Ինջիրլիք ռազմաբազա

Ինջիրլիք ռազմաբազա

Չավուշօղլուն մասնավորապես նշել է, որ Գերմանիային արգելել էին ռազմաբազա մուտք գործել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևի պատճառով: Սակայն այժմ գերմանական կողմը կատարել է իր առջև դրված պայմանը՝ հայտարարելով, որ բանաձևը իրավական ուժ չունի:

Թուրքիան  այս տարվա հուլիսին արգելել էր Գերմանիայի պաշտպանության նախարարի տեղակալ Ռալֆ Բրաուկսիպեյի, ինչպես նաև մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակության այցն Ինջիրլիք ավիաբազա, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում ծառայություն է իրականացնում շուրջ 250 գերմանացի զինծառայող:

250 զինվորականից զատ՝ Ինջիրլիք ավիաբազայում 2015 թվականի դեկտեմբերից և 2016 թվականի հունվարից  տեղակայված են նաև Գերմանիայի ԶՈւ «Տորնադո» (Tornado) հետախուզական ինքնաթիռներ, ինչպես նաև մեկ բեռնատար-լիցքավորող ինքնաթիռ:

Գերմանիայի ՌՕՈւ Tornado մարտական ինքնաթիռը

Գերմանիայի ՌՕՈւ Tornado մարտական ինքնաթիռը

Հիշեցնենք նաև՝ որ գերմանացի պաշտոնյաների Ինջիրլիք այցի նկատմամբ Թուրքիայի արգելանքի հետ կապված  Գերմանիայի զինված ուժերում քննարկվել էր նաև Գերմանիայի ԶՈւ ինքնաթիռները Թուրքիայից հանելու և Հորդանան կամ Կիպրոս տեղափոխելու հնարավարությունները: Գերմանիայի ՊՆ-ն, սակայն, այս առիթով տեղեկություն չէր հայտնել:

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *