Կստեղծվի ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունների ռեեստր

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում հաստատվել են  մի քանի որոշումներ, որոնցով համակարգվելու են ՀՀ ռազմարդունաբերության համալիրի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:

Դրանցից մեկով հաստատվել է ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը, որով  կհամակարգվեն և միասին պաշտպանական միասնական քաղաքականություն կիրականացնեն ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքները:

Որոշվել է ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների գրանցման և ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը:

Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման կարգը:

Նշվում է, որ նման բազայի ստեղծմամբ  կբացառվեն սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծման համար մշակման աշխատանքների կրկնողությունները, հստակ կգնահատվեն ռազմական պետական պատվերներ կատարող կազմակերպությունների հնարավորությունները:

Այս որոշումները նախատեսված են նախորդ տարի ընդունված «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքով, ըստ որի՝ կառավարությունը սահմանում է ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում (ռեեստր) համալիրի սուբյեկտների գրանցման կարգը:

Իսկ պետական պատվերով Հայաստանի զինված ուժերին ռազմարդյունաբերական արտադրանք մատակարարող ընկերությունները պարտավոր են դիմել կառավարությանը՝ ամփոփ ցուցակում հաշվառվելու համար:

One response to “Կստեղծվի ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունների ռեեստր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 4 – 10 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *