Խաղաղապահության թեմայով ՀՀ պարտավորությունների կատարման ընթացքը ներկայացվել է ՄԱԿ հանդիպմանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է Լոնդոնում անցկացվող ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով Լոնդոնում անցկացված հանդիպման մասնակիցները

ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով Լոնդոնում անցկացված հանդիպման մասնակիցները

Բրիտանական ՊՆ հյուրընկալած այս հանդիպումը 2015թ. սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով գագաթաժողովի շարունակությունն է: Լոնդոնյան հանդիպման նպատակն է ամփոփել գագաթաժողովի ընթացքում նախորդ տարի ստանձնած հանձնառությունների շրջանակներում կատարված աշխատանքն ու արձանագրել նոր հանձնառություններ:

Նախորդ տարի Հայաստանը հանձնառություն էր ստանձնել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում տեղակայելու նպատակով կազմավորել լրացուցիչ կարողություններ՝ երկրորդ մակարդակի դաշտային հոսպիտալ և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման ու վնասազերծման ստորաբաժանում:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԶՈւ խաղաղապահների առաջիկա ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանը ստանձնել է նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստումը և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը:

Ավելի ուշ ՀՀ ՊՆ առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանը պարզաբանելով նախագահի հայտարարությունը, նշել է, որ ելնելով Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ գործողությունների շուրջ 10-ամյա փորձից՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները համակարգող կառույցները դիմել են Հայաստանին՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում պահանջվող մասնագիտացված կարողություններ պատրաստելու և տրամադրելու խնդրանքով:

ՀՀ ՊՆ կողմից առաջարկվող առաջին ստորաբաժանումը միջազգային չափորոշիչներով ԴԵՐ2 (Role 2) մակարդակի դաշտային հոսպիտալ է: Այն շարժական արագ տեղափոխվող հոսպիտալային համակարգ է, որը տեղակայվում է վտանգավոր գոտու անմիջական հարևանությամբ, ունի առաջին մասնագիտական բժշկական օժանդակություն տրամադրելու կարողություն:

Շարժական հոսպիտալի խնդիրն է հիվանդ կամ մարտի դաշտից դուրս բերված վիրավոր անձնակազմի վիճակը կայունացնել` անհրաժեշտության դեպքում իրականացնել անհետաձգելի վիրահատական միջամտություն, և ապահովել նրա ապահով էվակուացիան դեպի հոսպիտալներ` հետագա բուժումը անցնելու նպատակով:

Համակարգն ունի վիրահատական և կարճատև հոսպիտալացման հնարավորություններ: Այս ստորաբաժանումը ստեղծվելու էր ԱՄՆ 2007 թվականին տրամադրած ԻՄԵԴՍ դաշտային հոսպիտալի հիման վրա:

Շարժական հոսպիտալի անձնակազմը 2016թ. ապրիլին Գերմանիայում մասնակցել է «Միաձուլված սուր-2016» (Saber Junction 16) միջազգային զորավարժությանը և առաջին անգամ արտերկրում գործարկել է ՀՀ ԶՈւ շարժական դաշտային հոսպիտալը: Ստորև՝ լուսանկարներ զորավարժության ժամանակ ՀՀ ԶՈւ շարժական հոսպիտալի անձնակազմի գործողություններից:

Երկրորդ ստորաբաժանումը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակն է, որն այժմ Հայաստանի տարածքում իրականացնում է հումանիտար ականազերծում: Գումարտակը համալրվելու է վերջին տարիներին ահաբեկչական խմբավորումների կողմից լայնորեն կիրառվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման տեխնիկայով:

Գումարտակի անձնակազմն իր հերթին անցնում է միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրաստում և տեղակայման դեպքում ապահովելու է միջազգային ուժերի կամ տարածաշրջանի բնակչության անվտանգ տեղաշարժը: Ստորաբաժանումների պատրաստման աշխատանքները Հայաստանը նախատեսում է ավարտել 2-3 տարվա ընթացքում:

Անձնակազմի պատրաստումը պետք է իրականացվի միջազգային գործընկերների աջակցությամբ, տեխնիկական վերազինման խնդրի լուծման հարցում նույնպես ակնկալվում է գործընկերների աջակցությունը:

Ինժեներասակրավորային այս ստորաբաժանումն իր հերթին 2016թ. հուլիսին վարժանքներ է անցկացրել Հայաստանում: Ստորաբաժանման համար ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման (C-IED) երեքշաբաթյա դասընթացներն անցկացրել են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի ինքնաշեն պայթուցիկ սարքերի դեմ պայքարի ուսումնական կենտրոնի հրահանգիչները: Ստորև՝ լուսանկարներ ինժեներասակրավորային ստորաբաժանման վարժանքից:

Դասընթացը կենտրոնացված էր ինքնաշեն պայթուցիկ սարքերի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքման, ռոբոտներով, ձեռքի ականորսիչներով հայտնաբերման ու վնասազերծման տեսական և գործնական վարժանքների վրա:

Ամերիկյան կողմը «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» (GPOI) ծրագրի շրջանակներում պատրաստակամություն է հայտնել աջակցել ոչ միայն դասընթացների պարբերաբար կազմակերպման, այլ նաև ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքավորումների, տեխնիկայի ձեռքբերման հարցում:

Պատրաստումից և հավաստագրումից հետո երկու ստորաբաժանումները կհամալրեն ՄԱԿ-ի «Խաղաղապահ կարողությունների պահեստային ուժերը», այսինքն` ՄԱԿ-ը նման ստորաբաժանումների անհրաժեշտության դեպքում կդիմի Հայաստանին դրանք այս կամ այն առաքելության շրջանակներում տեղակայելու խնդրանքով, ինչին Հայաստանը կարձագանքի համաձայն ներպետական ընթացակարգերի:

Ստորաբաժանումները կլինեն ճկուն և պատրաստ կլինեն տարածաշրջանային յուրահատկությունների առկայության դեպքում հատուկ նախատեղակայման վարժանք անցնելուց հետո` տեղակայվել ցանկացած տարածաշրջանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *