Հոկտեմբերին նախատեսվում է հաստատել ՀԱՊԿ ռազմավարությունը

ՀԱՊԿ ռազմավարությունը, որը մշակվել է 4 տարի, նախատեսվում է ՀԱՊԿ պետությունների նախագահների հաստատմանը ներկայացնել հոկտեմբերին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որն անցկացվելու է Երևանում: Այս մասին սեպտեմբերի 6-ին անցկացված ասուլիսի ժամանակ հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան:

Խոսելով ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորդհրի (նախագահների խորհրդի) նիստի օրակարգի մասին՝ Բորդյուժան նշել է, որ ներքին համաձայնությունների ձեռքբերումից հետո կազմակերպության ռազմավարությունն արդեն պատրաստ է և կներկայացվի նախագահների հաստատմանը:

Բացի այդ, ըստ կազմակերպության գլխավոր քարտուղարի, նախագահների խորհրդի նիստին է ներկայացվելու նաև ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի նախագիծ, որն ընդհանուր է լինելու կազմակերպության անդամ պետությունների համար:

Բորդյուժայի խոսքով՝ նախագահների հաստատմանն է ներկայացվելու նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման որոշման նախագիծը: Կենտրոնը կոորդիանցնելու է ՀԱՊԿ անդամ պետություններում գործող համանման կենտրոնների աշխատանքը՝ ինֆորմացիայի փոխանակման միջոցով:

Новости-Армения գործակալությունը, հղում անելով ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը, հայտնում է, որ Բորդյուժան նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերի 14-ին անցկացվելիք նիստի ժամանակ հայտնի է դառնալու նաև կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի անունը: Ըստ Բորդյուժայի՝ նոր քարտուղարը լինելու է Հայաստանի ներկայացուցիչ:

Այս մասին որոշումը, հիշեցնենք, ընդունվել էր ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախորդ նիստին Մոսկվայում: Որոշվել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիայով կզբաղեցնեն անդամ 6 պետությունների ներկայացուցիչներ, և առաջինը կլինի Հայաստանի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ ռազմավարությանը, ապա դրա ընդունումը համարվում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության մեկ տարվա առաջնահերթություններից մեկը: Այդ մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նիստին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

One response to “Հոկտեմբերին նախատեսվում է հաստատել ՀԱՊԿ ռազմավարությունը

  1. Pingback: ՀԱՊԿ գագաթաժողովին Երևան կգան անդամ պետությունների նախագահները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *