Իրանը հետ է կանչել Ս-300-ների համար Ռուսաստանի դեմ ներկայացրած դատական հայցը

Դատական հայցը, որով Իրանը Ռուսաստանից պահանջում էր 4 մլրդ դոլար Ս-300-ների վերաբերյալ պայմանագրի չկատարումից հետո, հետ է կանչվել: Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:

Ռուսաստանից Իրանի ստացած Ս-300 համակարգերի բաղկացուցիչ օժանդակ մեքենաներից մեկը Թեհրանում զորահանդեսի ժամանակ. 17 ապրիլի, 2016: Լուսանկարը՝ «Ֆարս» գործակալության

Ռուսաստանից Իրանի ստացած Ս-300 համակարգերի բաղկացուցիչ օժանդակ մեքենաներից մեկը Թեհրանում զորահանդեսի ժամանակ. 17 ապրիլի, 2016: Լուսանկարը՝ «Ֆարս» գործակալության

Կոժինը նաև ավելացրել է, որ Ռուսաստանը Իրանին է մատակարարել պայմանագրով նախատեսված խմբաքանակի կեսից ավելին:

Դեռևս մայիսին Կոժինը հայտարարել էր, որ Իրանը կատարել է դատական հայցը հետ կանչելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր գործողությունները, սակայն մնացել են որոշ  «իրավաբանական ընթացակարգեր»:

Իրանն այդ հայցը միջազգային դատարան էր ներկայացրել այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվել էր իրանական կողմին մատակարարել 2007թ. պայմանագրով նախատեսված Ս-300ՊՄՈւ-1 համակարգերը՝ այդ քայլը պատճառաբանելով Իրանի նկատմամբ զենքի մատակարարման արգելքներով (պատժամիջոցներով):

Ս-300 համակարգերի մատակարարումից հրաժարվելը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի պատժամիջոցների սահմաններից: Իրանը Ժնևի միջազգային դատարան հայտ ներկայացրեց ռուսաստանյան պետական արտահանողի՝ «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ` 4 մլրդ ամերիկյան դոլար տուգանքի պահանջով:

2015-ի ապրիլին Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը հանեց Ս-300 համակարգերի մատակարարման սահմանափակումը:

2016 թ. ապրիլին Ս-300 համակարգերի առաջին բաղադրիչները մատակարարվեցին Իրանին և ցուցադրվեցին Իրանի զինված ուժերին նվիրված զորահանդեսում:

Իսկ 2016 թ. օգոստոսին ՌԴ ռազմարդյունաբերական պետական հանձնաժովի քարտուղար, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտնեց, որ Ռուսաստանը Իրանին է մատակարարել պայմանագրով նախատեսված Ս-300ՊՄՈւ-2 ԶՀՀ-ների խմբաքանակի կեսը:

Օգոստոսին, իրանական կողմը հայտնեց, որ համակարգերն արդեն տեղակայել է «Ֆորդո» միջուկային օբյեկտի տարածքում՝ դրա պաշտպանության համար: Ավելի ուշ, սակայն, հեղինակավոր «Ջեյնս» վերլուծական կենտրոնը հոդված հրապարակեց, որում, արբանյակային լուսանկարների վրա հիմնվելով, պնդում է, որ համակարգերը «Ֆորդոյի» մոտ չեն տեղակայվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *