Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 28 օգոստոսի – 3 սեպտեմբերի, 2016

Նախիջևանում ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող • Ռազմինֆոն ամփոփել է Ադրբեջանի զինուժի օգոստոսի կորուստները • Վրաստանում մեկնարկել է միջազգային զորավարժություն • Վրաստանում գազատարի պայթեցման ֆինանսավորումը հնարավոր է Թուրքիայից էր • Հրապարակվել է Վրաստանի արտադրության զրահամեքենայի ոչնչացման տեսանյութ • Թուրքիայի զինուժը տեխնիկա է մոտեցնում Սիրիայի սահմանին • Թուրքիայի զինուժը շարունակում է կռվել քրդերի դեմ • Թուրքիայում պաշտոնից ազատվել է ՆԳ նախարարը • Իրանի Ս-300-ները կպաշտպանեն միջուկային օբյեկտ • Իրանը զարգացնում է սեփական «Բավար-373» ԶՀՀ-ն • Իրանում տագնապ է հայտարարվել ամերիկյան ԱԹՍ-ի պատճառով • Ռուսաստանում հանկարծակի ստուգումով մեկնարկել են ԶՈւ զորավարժություններ • «Կալաշնիկովը» զրահապատ ռոբոտ է նախագծել • Սպանվել է ԻՊ պարագլուխներից մեկը • ՌԴ մասնավոր զինվորական կազմակերպությունները կարող են ներգրավվել Հալեպի կռիվներին • Թուրքիայի ԶՈւ սպաները Սիրիայում նշանակվում են խմբավորումների պարագլուխ • Օգոստոսին ԻՊ ահաբեկչություններից Իրաքում զոհվել է 700 մարդ • Ուկրաինայում նախագծվել են ԱԹՍ և զրահապատ ռոբոտ

Հանկարծակի ստուգումների շրջանակներում ՌԴ ԶՈւ-ում անցկացվել են տարբեր վարժանքներ • Իրանը Ս-300-ները տեղակայել է միջուկային օբյեկտի մոտ • «Կալաշնիկովը» ստեղծել է նոր զրահապատ ռոբոտ

Հանկարծակի ստուգումների շրջանակներում ՌԴ ԶՈւ-ում անցկացվել են տարբեր վարժանքներ • Իրանը Ս-300-ները տեղակայել է միջուկային օբյեկտի մոտ • «Կալաշնիկովը» ստեղծել է նոր զրահապատ ռոբոտ

Ադրբեջան / Վրաստան

• Նախիջևանի Շահբուզի շրջանի զորամասերից մեկում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գեմբերով Վյուսալ Ռազիմ օղլուն: Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ նա սպանվել է «թշնամու կրակոցից», սակայն Ադրբեջանի և ՀՀ ՊՆ-ները հերքել էին այդ լուրը, իսկ զինծառայողների բարեկամներից մեկը հայտնել է, որ նա ինքնասպան է եղել։

• Razm.info-ն 2016թ. օգոստոսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 9 դեպք:

• Սեպտեմբերի 1-ին, Վրաստանի «Օրփոլո» զորավարժարանում մեկնարկել է Agile Spirit 2016 զորավարժությունը, որին Վրաստանի զինծառայողների հետ մասնակցելու են նաև Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Լատվիայի զինված ուժերի և ԱՄՆ ծովային հետևակի զինծառայողներ:

Agile Spirit 2016 միջազգային զորավարժության բացման արարողությունը Վրաստանի «Օրփոլո» զորավարժարանում

Agile Spirit 2016 միջազգային զորավարժության բացման արարողությունը Վրաստանի «Օրփոլո» զորավարժարանում

• Օգոստոսի 29-ին վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը մանրամասներ է հրապարակել Ռուսաստան – Հայաստան գազատարի պայթեցումից, համաձայն որի՝ դիվերսանտները Թուրքիայից գումար էին սպասում:

• Օգոստոսի 25-ին հրապարակված տեսանյութում երևում են Եմենի ապստամբների կողմից Սաուդյան Արաբիայի ԶՈւ վրացական Didgori Medevac բժշկական տարհանման զրահամեքենայի ոչնչացման կադրերը, որոնք վրացական փորձագիտական շրջանակներում մեծ արձագանք են առաջացրել:

Թուրքիա 

• Օգոստոսի 30-ի երեկոյան, Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Սիրիայի Ջերաբլուս քաղաքի արևմուտքում «ահաբեկիչների կրակից Թուրքիայի ԶՈւ 1 տանկի խոցման» մասին՝ նշելով, որ թուրքական զինուժը երեք վիրավոր ունի:

• Օգոստոսի լույս 31-ի գիշերը Թուրքիայի ԶՈւ Դիրարբեքիրի 7-րդ բանակային կորպուսից Շանլըուրֆա զինվորականներ և ռազմական տեխնիկա են ուղարկել, որոնք տեղակայվել են թուրք-սիրիական սահմանին՝ Ջերաբլուսի շրջանի դիմաց:

• Օգոստոսի 29-ին Թուրքիայի հարավարևելյան Շեմդինլի նահանգի Հաքքարի գավառում թուրքական զինուժի և PKK-ի բախումներում սպանվել են Թուրքիայի ԶՈւ 2 պրոֆեսիոնալ սերժանտ, ևս երեքը՝ վիրավորվել: Նույն օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Էշ Քարթերը Թուրքիային կոչ է արել ուշադրությունը սևեռել ԻՊ դեմ պայքարում՝ քննադատելով Սիրիայի քրդերի դեմ գործողությունները, որոնց աջակցում է ԱՄՆ-ն:

• Օգոստոսի 31 – սեպտեմբերի 1-ին Թուրքիայի զինուժը կործանիչներով հարվածել է Թուրքիայի Հաքքարի նահանգի՝ Իրաքին սահմանակից Չուքուրջա գավառի բնակավայրերում քրդերի դիրքերին:

• Սեպտեմբերի 2-ին թուրքական զինուժը Չուքուրջա գավառում շարունակել է օդուժի աջակցությամբ գործողությունները քուրդ զինյալների դեմ, ինչի հետևանքով, կողմերը երկուստեք կորուստներ են կրել:

• Սեպտեմբերի 1-ին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է ԶՈւ ցամաքային և ռազմածովային ուժերից ևս 820 զինվորական հեռացնելու մասին, որոնցից 648 հոգին ներկայումս ձերբակալված են:

• Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվել է Էֆքան Ալայը, ում այդ պաշտոնում փոխարինել է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուն (Süleyman Soylu):

Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողան, ՆԳՆ նախկին ղեկավար Է. Ալա, վարչապետ Բ. Յըլդըրըմ, ՆԳՆ ղեկավար Ս. Սոյլու

Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողան, ՆԳՆ նախկին ղեկավար Է. Ալա, վարչապետ Բ. Յըլդըրըմ, ՆԳՆ ղեկավար Ս. Սոյլու

Իրան

Ռուսաստանից ստացած Ս-300 ՀՕՊ համակարգերը Իրանի զինված ուժերը տեղակայել են Ֆորդո միջուկային օբյեկտի մոտ, իսկ ռուսաստանյան Ս-300 ԶՀՀ-ին համարժեք համարվող իրանական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը  շուտով կհամալրի Իրանի ԶՈւ սպառազինությունը, և ըստ իրանական կողմի՝ ռուսաստանյան Ս-400 համակարգեր գնելու անհրաժեշտություն Իրանն այլևս չի ունենա:

Իրանական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ի ռադարային համակարգը

Իրանական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ի ռադարային համակարգը

• Օգոստոսի 29-ին, Իրանի արևելքի հակաօդային պաշտպանության բազաներից մեկում իրանի օդային տարածքը խախտած ԱՄՆ անօդաչու թռչող սարքի պատճառով տագնապ է հայտարարվել:

Ռուսաստան

• Օգոստոսի 25-ին ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներում սկսված հանկարծակի ստուգումների շրջանակներում օգոստոսի 29-ի դրությամբ ՌԴ Հարավային դաշնային շրջանում ստեղծվել են ավիացիայի և ՀՕՊ խմբավորումներ: Ստուգումների շրջանակներում ՌԴ Սևծովյան նավատորմի և Կասպյան նավատորմիղի ծովային ավիացիան և նավախմբերը իրականացրել են պայմանական հակառակորդի հայտնաբերման և չեզոքացման վարժանքներ:

ՌԴ ԶՈւ ծովային ավիացաիայի Կա-27ՊԼ հականավային ուղղաթիռը «հայտանբերում է հակառակորդի սուզանավերը»

ՌԴ ԶՈւ ծովային ավիացաիայի Կա-27ՊԼ հականավային ուղղաթիռը «հայտանբերում է հակառակորդի սուզանավերը»

Հանկարծակի ստուգումների շրջանակներում Կասպյան նավատորմիղի հարվածային խումբը կրակային վարժանքներ է անցկացրել Կասպից ծովի տարածքում, իսկ ՌԴ ՌԾՈւ Կասպյան և Սևծովյան նավատորմերում անցկացվել են զորավարժություններ, որոնցում ներգրավված են եղել ինչպես ռազմանավեր, այնպես էլ ռազմական ավիացիա:

Նույն ստուգումների շրջանակներում վարժանքներ են անցկացրել Հարավային ռազմական շրջանի մոտոհրաձիգները, ՀՕՊ ստորաբաժանումները, փորձարկվել են Մի-28Ն հարվածային ուղղաթիռները, իսկ ՀՕՊ և ռադիոտեխնիկական զորքերը 5 անգամ բերվել են օդային թիրախների հայտնաբերման և ուղեկցման պատրաստականության «առաջին» աստիճանի:

Հանկարծակի ստուգումները ավարտվել են օգոստոսի 31-ին: Ավարտական փուլում ՌԴ ԶՈւ հյուսիսկովկասյան ստորաբաժանումներն «ազատագրել են տարածքներ», «խոցել հակառակորդի թիրախները»:

• Հարավային Օսիայում տեղակայված ՌԴ ռազմաբազայում անցկացվել են լեռնային վայրերում պայմանական հակառակորդի գրոհները հետ մղելու վարժանքներ:

• Ռուսաստանյան «Կալաշնիկով» ռազմարդյունաբերական կոնցերնը սեպտեմբերի 6-11-ին անցկացվելիք «Բանակ-2016» ցուցահանդեսին կներկայացնի սեփական արտադրության նոր զրահապատ թրթուռավոր ռոբոտ, որը նախատեսված է զորային հետախուզության, ինչպես նաև կրակային աջակցման համար:

Ռուսաստանյան արտադրության «Սորատնիկ» ռոբոտիզացված թրթուռավոր զրահամեքենա

Ռուսաստանյան արտադրության «Սորատնիկ» ռոբոտիզացված թրթուռավոր զրահամեքենա

Սիրիա / Իրաք / Այլ

• «Իսլամական պետության» AMAQ լրատուն հայտնել է, որ օգոստոսի 30-ին, Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ նահանգում, սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «երկրորդ» առաջնորդ, խոսնակ Աբու Մուհամեդ Ալ-Ադնանին:

• Ռուսաստանյան մասնավոր զինվորական կազմակերպությունները (ՄԶԿ) կարող են օգտագործվեն Սիրիայում՝ Հալեպը զինյալներից ազատագրելու համար: Այդ ուղղությամբ նախատեսվում է ստեղծել զինվորական 2 խումբ:

• Քրդական կողմը, իր մոտ ունենալով ոմն Թարիք Սոլակին Սիրիայի թուրքմենների 2-րդ դիվիզիայի հրամանատար նշանակվելու մասին փաստաթուղթը, պնդում է, որ Թուրքիան իր զինվորականներին նշանակում Սիրիայում գործող զինյալ խմբավորումների հրամանատարներ:

• Սեպտեմբերի 1-ին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցը ցույց է տալիս, որ Իրաքում 2016 թ․ օգոստոսին ահաբեկիչները սպանել են 691 մարդու, վիրավորել՝ 1016 մարդու, այդ թվում քաղաքացիական անձանց (473 զոհ, 813 վիրավոր):

• Օգոստոսի 29-ին Ուկրաինայի «Ուկրոբորոնպրոմ» պետական կոնցերնը ներկայացրել է իր նախագծած Ան-ԲԿ-1 «Գորլիցա» անօդաչու թռչող սարքը և «Ֆանտոմ» բազմանպատակային զրահապատ ռոբոտը:

Ուկրաինայի «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնի նախագծած «Գորլիցա» ԱԹՍ

Ուկրաինայի «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնի նախագծած «Գորլիցա» ԱԹՍ

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *