Օգոստոսի 25-ից Ռուսաստանի զինված ուժերում սկսված հանկարծակի ստուգումների շրջանակներում ՌԴ ՌԾՈւ Կասպյան և Սևծովյան նավատորմերում անցկացվել են զորավարժություններ, որոնցում ներգրավված են եղել ինչպես ռազմանավեր, այնպես էլ ռազմական ավիացիա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը (1, 2)
Ռուսաստանի ԶՈւ սևծովյան նավատորմի 4 դեսանտային նավ ավիացիայի աջակցությամբ իրականացրել է դեսանտային ջոկատի կազմավորման և ափ իջեցման վարժանքներ, իսկ ծովում դեսանտային ջոկատի հակաօդային և հականավային պաշտպանությունը ապահովել են պարեկային և հրթիռային նավերի հարվածային խմբերը:
Դեսանտային ջոկատին ստորջրյա հարձակումներից ապահովել են Սևծովյան նավատորմի հակասուզանավային նավերը:
Կասպյան նավատորմի նավերն իրենց հերթին կրակային վարժանքներ են կատարել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային թիրախների ուղղությամբ:
Վարժանքների ընթացում Կասպյան նավատորմի հրթիռահրետանային 4 նավեր հրետանային А-190 կայաններով հարվածել են պայմանական հակառակորդի նավերին:
Նավատորմի նավերը չկառավարվող հրթիռներով և «Գրադ-Մ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով հարվածել են նաև պայմանական հակառակորդի ցամաքային հրամանատարական կայանին: Իրականացվել են նաև պայմանական հակառակորդի կառավարվող հրթիռներից քողարկման վարժանքներ:
Կասպյան և Սևծովյան նավատորմերում անցկացվել են նաև որոնողափրկարարական վարժանքներ, որոնցում ներգրավվել են նավատորմերի որոնողական և փրկարարական ծառայությունների ավելի քան 15 նավ, ինչպես նաև փրկարարական քարշակային նավեր, կատերներ և որոնողափրկարարական սարքավորումներ, ինչպես նաև ՌԴ ռազմածովային ավիացիա, այդ թվում՝ բազմանպատակային Կա-27 ուղղաթիռներ:
Որոնողափրկարարական վարժանքներին ներգրավվել են նաև նորագույն «ՍԲ-45» և «Պրոֆոսոր Նիկոլայ Մուռու» քարշակային փրկարարական նավերը, որոնք ունեն դինամիկ կայանման համակարգեր, ինչը թույլ է տալիս նավերին մնալ նշված վայրում առանց խարիսխի օգտոգործման:
Նշենք նաև, որ միաժամանակ Սև ծովում վարժանքներ են անցկացնում ՆԱՏՕ-ի ուժերը, մասնավորապես՝ այսօր ՆԱՏՕ-ն և իր դաշնակիցները զորավարժությունների շրջանակներում առաջին անգամ դեսանտ են իջեցրել Ուկրաինայի ափին:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 28 օգոստոսի – 3 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info