Թուրքիան պետք է կենտրոնանա ԻՊ դեմ պայքարում, ոչ թե քրդերի. ԱՄՆ ՊՆ

Երեկ՝ օգոստոսի 29-ին, ԱՄՆ պաշտպանության նախարար Էշ Քարթերը Թուրքիային կոչ է արել ուշադրությունը սևեռել «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարում՝ քննադատելով Սիրիայի քրդերի դեմ գործողությունները, որոնց աջակցում է ԱՄՆ-ն:  Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում

Նա մասնավորապես նշել է, որ ԱՄՆ-ին «մտահոգում են» բախումներն այն շրջաններում, որտեղ ԻՊ-ն չկա: Քարթերը նշել է, որ քրդերի դեմ գործողությունները կբարդացնեն «Իսլամական պետության» դեմ պայքարը, ինչպես նաև ընդգծել, որ «թուրքերը հեռացել են նպատակից»՝ ի նկատի ունենալով ԻՊ- դեմ պայքարից քրդերի դեմ ռազմական գործողություններին անցումը:

Reuters-ը իր հերթին նշում է, որ թուրքական զինուժի գործողությունների հետևանքով քրդերի շրջանում սպանվել է 41 խաղաղ բնակիչ: Սակայն թուրքկան կողմը հայտնում է 25 քուրդ զինյալների սպանելու մասին:

Նշենք նաև, որ ԱՄՆ-ն քրդական ստորաբաժանումներին օժանդակում է ԻՊ դեմ պայքարում, սակայն Թուրքիան նրանց համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» սիրիական ճյուղը՝ հայտարարելով «ահաբեկչական կառույց»:

Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետությունից» Ջերաբլուսը գրավելուց հետո թուրքական զինուժը Սիրիայի թուրքմենական զինյալ խմբավորումների աջակցությամբ շարժվում է քրդական գյուղերի ուղղությամբ՝ ռմբակոծելով և հրետակոծելով քրդերի դիրքերը, բնակավայրերը:

Ավելացնենք՝ օգոստոսի 29-ին քրդական ANF News գործակալությունը հայտնում է, որ օգոստոսի 28-ին քրդական Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատների» (YPG) 4 զինծառայող մեկնել են Ջերաբլուսի մոտակայքում թուրքկան զինուժի ռմբակոծություններից քաղաքացիականներին փրկելու, սակայն թուրքական կողմը նրանց գերի է վերցրել:

Հիշեցնեք՝ օգոստոսի 24-ի առավոտյան Թուրքիայի ԶՈւ-ն օդուժի աջակցությամբ ցամաքային գործողություններ են սկսել թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից հյուսիս տեղակայված Ջերաբլուսի շրջանում՝ նշելով այն «Իսլամական պետությունից» ազատագրելու նպատակների մասին: Թուրքական զինուժի գործողություններին տրվել է «Եփրատի վահան» անվանումը:

Նշենք, որ Սիրիայի քրդական ուժերը հայտնում են, որ գործողություններն ուղղված են այդ շրջանում Թուրքիայի վերահսկողությունը սահմանելուն, ինչպես նաև Թուրքիան փորձում է քրդերին թույլ չտալ միջանցք բացել Սիրիայի հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան շրջանների միջև:

One response to “Թուրքիան պետք է կենտրոնանա ԻՊ դեմ պայքարում, ոչ թե քրդերի. ԱՄՆ ՊՆ

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն հայտնում է Ջերաբլուսում մեկ տանկ կորցնելու մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *