Քրդերը և Սիրիայի կառավարական ուժերը հրադադար են հաստատել

Օգոստոսի 23-ին, Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի միջև հրադադարի պայմանավորվածության համաձայն, ռազմական գործողությունները Հասեքեում դադարեցվել են: Անցյալ շաբաթ սկսված բախումներից հետո սա երկրորդ նմանատիպ պայմանավորվածությունն է, սակայն դեռևս խախտվելու մասին տեղեկություններ չկան:

Սիրիական պետական  «Սանա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ զինադադարի մասին համաձայնությունը ուժի մեջ է մտել երեկ՝ օգտոստոսի 23-ին, ժամը 14:00-ից: Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են փոխանակել գերիներին, վիրավորներին և զոհվածների մարմինները: Նախատեսվում է նաև բացել Հասեքե-Ղամիշլի ճանապարհը և սիրիական կառավարական ուժերի հենակետեր տանող ուղիները:

Քուրդ զինյալները Հասեքեում. լուսանկարը` Reuters-ի

Քուրդ զինյալները Հասեքեում. լուսանկարը` Reuters-ի

Քրդական ANF News գործակալությունը հայտնում է, որ պայմանավարվածության համաձայն՝  կառավարական ուժերը պետք է լքեն Հասեքեն, և քաղաքի վերահսկողությունը կանցնի քրդական տեղի «ոստիկանական ուժերին» («Ասայիշ»):

Reuters գործակալությունը նշում է, որ քրդական ուժերին գրեթե հաջողվել է ամբողջական վերահսկողություն հաստատել Հասեքեում, ինչը դիտարկվում է որպես Սիրիայում թուրքական զինուժի ցամաքային գործողություներ սկսելու պատճառներից մեկը:

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ի առավոտյան Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները օդուժի աջակցությամբ բցամաքային գործողություններ են սկսել թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից հյուսիս տեղակայված Ջերաբլուսի շրջանում՝ նշելով այն «Իսլամական պետությունից» ազատագրելու նպատակների մասին:

Թուրքիան ռազմական գործողություններ է սկսում Ջերաբլուսում

Թուրքիան ռազմական գործողություններ է սկսում Ջերաբլուսում

Հշեցնենք՝ օգոստոսի 21-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունից հետո Սիրիայի Հասեքե քաղաքում վերսկսվել էին քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) և Սիրիայի կառավարական ուժերի միջև բախումները, ինչի արդյունքում, ըստ քրդական կողմի՝ YPG-ն հաստատվել է Հասեքեին հարակից որոշ շրջաններում:

Հավելենք, որ 2011 թ. սկսված սիրիական պատերազմի ընթացքում կառավարական օդուժը առաջին անգամ օգոստոսի 18-ին ռմբակոծել էր Հասեքեում քրդերի դիրքերը:

Սիրիայում ուժերի տեղաբաշխումը 2016 թ. օգոստոսի սկզբին

Սիրիայում ուժերի տեղաբաշխումը 2016 թ. օգոստոսի սկզբին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *