Եվս 586 գնդապետ հեռացվել է Թուրքիայի զինուժի կազմից

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Թուրքիայում անցկացվել է հուլիսի 15-16-ի հեղաշրջման փորձից հետո Բարձրագույն ռազմական խորհրդի երկրորդ նիստը: Ներկայումս հայտնի է խորհրդի որոշումներից մեկը, համաձայն որի՝ 586 գնդապետ ուղարկվել է թոշակի: Այս մասին հայտնում է  թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Այսօր՝ առավել վաղ, Բարձրագույն ռազմական խորհրդի որոշումները հաստատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Օգոստոսի 23-ին Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի նիստը

Օգոստոսի 23-ին Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի նիստը

Համաձայն խորհրդի որոշման՝ օգոստոսի 30-ից թոշակի կուղարկվեն՝
• Ցամաքային զորքերի 470 գնդապետ
• Ռազմածովային ուժերի՝ 71 գնդապետ
• Ռազմաօդային ուժերի՝ 45 գնդապետ

434 գնդապետի, այդ թվում՝ ցամաքային զորքերի 372, ռազմածովային ուժերի՝ 27 և ռազմաօդային ուժերի 35 գնդապետի ծառայության ժամկետը երկարաձգվել է ևս 2 տարով: Նշված գնդապետները Թուքրիայի զինված ուժերում որպես սպա ծառայության են անցել 1985-1988 թթ.:

Մեկ այլ որոշմամբ սպաների ծառայության ընդհանուր ժամկետը 31 տարուց իջեցվել է 28-ի:

Ավելացնենք, որ Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի այս նիստը անցել է մինչ օրս աննախադեպ կազմով: Եթե մինչ այս խորհրդի նիստին ներգրավվում էին ԶՈւ հրամակազմը, այդ թվում նաև բանակների, առանձին զորամիավորումների հրամանատարները, իսկ քաղաքացիական պաշտոնյաներից ներկա էին լինում միայն վարչապետը և պաշտպանության նախարարը, ապա այս նիստին մասնակցել է ընդամենը 4 զինվորական՝ ԶՈւ ԳՇ պետը, ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերի հրամանատարները: Նիստի մասնակիցների գերակշիռ մասը կազմել են Թուրքիայի կառավարության անդամները:

Ավելացնենք, որ համաձայն թուրքական լրատվամիջոցների՝ հուլիսի 15-16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև օգոստոսի 20-ը ձերբակալվել են 165 գեներալ և ծովակալ, 6746 գնդապետ, միջին սպայակազմի այլ ներկայացուցիչներ, զինծառայողներ և կուսրանտներ, 4288 ոստիկանության աշխատակից, 19 նահանգապետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախորդ նիստն անցկացվել էր հուլիսի 29-ին: Նիստից ընդամենը երկու օր առաջ՝ օգոստոսի 27-ին, զինուժի կազմից հեռացվել էին 149 գեներալ, 1099 սպա, որոնց զգալի մասը՝ գնդապետներ և 436 ենթասպա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *