Ռուսաստանը շարունակում է ավիահարվածների համար օգտագործել Իրանի ավիաբազան

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ ռուսաստանյան օդուժի կողմից Սիրիայում ավիահարվածներ հասցնելու համար Իրանի Համադան քաղաքի մոտ տեղակայված ավիաբազայի օգտագործումը չի դադարեցվել: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը և Իրանը դաշնակցում են ահաբեկչության դեմ պայքարում, ինչի շրջանակներում ռուսաստանյան օդուժը շարունակելու է լրալցավորման համար օգտագործել իրանական ավիաբազան: Սակայն նա հավելել է, որ իրանը ոչ մի երկրի, այդ թվում՝ Ռուսաստանին մշտական հիմունքներով որևէ ռազմաբազա չի տրամադրել:

Իրանի խորհրդարանի շուրջ 20 անդամների ստորագրությամբ հարցում է ուղարկվել, որտեղ իրանցի օրենսդրականները պահանջում են բացատրել Ռուսաստանի կողմից ավիաբազայի օգտագործումը: Խոսնակը հայտնել է, որ հարցումը անպայման կքննարկվի:

Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 22-ին Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ ՌԴ ռազմաօդային ուժերը առայժմ դադարել են օգտագործել Իրանի Համադան քաղաքի մոտ տեղակայված ավիաբազան:

Առավել վաղ՝ օգոստոսի 16-ին հայտնի էր դարձել, որ ՌԴ ռազմաօդային ուժերի Տու-22Մ3 հեռահար և Սու-34 ճակատային ռմբակոծիչները տեղակայվել էին Համադանի ավիաբազայում՝ այնտեղից Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար։ Այս օրերի ընթացքում մի քանի անգամ ՌԴ ռմբակոծիչները դուրս էին եկել Իրանից և հարվածներ էին հասցրել Սիրիայում ԻՊ օբյեկտներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *