ՌԴ ՌՕՈւ-ն դադարեցնում է Իրանի ավիաբազայի օգտագործումը. Իրանի ԱԳՆ

ՌԴ ռազմաօդային ուժերը առայժմ դադարել են օգտագործել Իրանի «Համադան» ավիաբազան: Իրանի և Ռուսաստանի միջև որևէ հատուկ պայմանավորվածություն չի եղել բազայի օգտագործման շուրջ:

Այս մասին հայտնում է իրանական «ԹԱՍՆԻՄ Նյուզ» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմիին:

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները Իրանի Համադան ռազմաբազայում

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները Իրանի Համադան ռազմաբազայում

Ըստ ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության՝ խոսնակն ավելացրել է, որ, այնուամենայիվ, Ռուսաստանը և Իրանը համագործակցում են հակաահաբեկչական գործունեության շրջանակներում և այդ համագործակցություններից մեկով Իրանը նախատեսում է Ռուսաստանին թույլ տալ իր օդային տարածքը օգտագործել Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում:

Հիշեցնենք՝ օգոստոսի 16-ին հայտնի էր դարձել, որ ՌԴ ռազմաօդային ուժերի Տու-22Մ3 հեռահար և Սու-34 ճակատային ռմբակոծիչները տեղակայվել էին Իրանի արևմտյան հատվածում գտնվող Համադան ավիաբազայում՝ այնտեղից Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար։ Այս օրերի ընթացքում մի քանի անգամ ՌԴ ռմբակոծիչները դուրս էին եկել Իրանից և հարվածներ էին հասցրել Սիրիայում ԻՊ օբյեկտներին:

Իրանում ռմբակոծիչների տեղակայումը ռուսաստանյան զինուժին թույլ էր տալիս զգալիորեն կրճատել Սիրիայում ավիահարվածների ծախսերը, ինչպես նաև դրանց համար ծախսվող ժամանակը, քանի որ ռմբակոծիչները Սիրիա էին հասնում ՌԴ Հս․ Օսեթիայում տեղակայված ավիաբազայից։

Սակայն Իրանում ռուսաստանյան կործանիչներ տեղակայելու դեմ էր արտահայտվել ԱՄՆ-ն՝ «կասկածելով», որ Ռուսաստանը ավիաբազան անօրինական է օգտագործում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *