Հալեպում Սիրիայի կառավարական ուժերը վերականգնում են իրենց դիրքերը

Երեկ՝ օգոստոսի 21-ի գիշերը, Սիրիայի կառավարական բանակի և լիբանանյան Հիզբալլահի միացյալ ուժերին հաջողվել է Հալեպի հարավարևելյան մասում ճեղքել «Ջաբհաթ Ֆաթահ ալ-Շամ» («Ալ-Նուսրա») ահաբեկչական խմբավորման պաշտպանական գծերը և զինյալներից ազատագրել ռազմական ակադեմիայի մասնաշենքերի մեծ մասը: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս Նյուզ» լրատվական գործակալությունը:

Սիրական «Ջեյշ ալ-Ֆաթհ» խմբավորման զինյալները Հալեպում. օգոստոս 2016 թ.

Սիրական «Ջեյշ ալ-Ֆաթհ» խմբավորման զինյալները Հալեպում. օգոստոս 2016 թ.

Հալեպի Ալ-Համդանիա թաղամասի հարավարևելյան մասում և  Ռամուսահի թաղամասի հատվածում տեղակայված ցեմենտի գործարանի տարածքում միացյալ ուժերը հարձակվել են ահաբեկիչների դիրքերին: Ահաբեկիչները, անակնկալի գալով, խոշոր վնասներ են կրել և, թողնելով յուրայինների դիերը ավիացիոն տեխնիկական քոլեջների հյուսիսային մասնաշենքերում, նահանջել են դեպի հարավ՝ հրետանային քոլեջի մասնաշենք:

Բացի այդ, Հիզբալլահի հրթիռային և սիրիական բանակի հրետանային միավորումները հարվածել են քոլեջների մասնաշենքերին:  Շուրջ 60 ահաբեկիչ սպանվել և 10-ը վիրավորվել է կառավարական և դաշնակից ուժերի հետ բախման ընթացքում: Ռազմական ակադեմիայի շրջանում ահաբեկիչներից մաքրելու գործողությունները շարունակվում են նաև այսօր՝ օգոստոսի 22-ին, և սիրիական ուժերը աստիճանաբար վերականգնում են իրենց դիրքերը:

Եթե հաջողվի ռազմական ակադեմիայի տարածքը ամբողջովին մաքրել ահաբեկիչներից, Հալեպ մուտք գործելու համար ահաբեկիչների կողմից բացված նեղ միջանցքը կփակվի:

Հիշեցնենք, որ հունիսի 31-ից «Ջաբհաթ Ֆաթահ ալ-Շամ» (նախկինում ալ-Նուսրայի ճակատը) ահաբեկչական խմբավորման գլխավորությամբ 15 խմբավորումներից ստեղծված ուժերը փորձում են վերահսկողություն սահմանել Հալեպի վերոնշյալ շրջաններում՝ ջանալով կապ հաստատել Իդլիբի, Հոմսի և Համայի շրջաններում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների հետ: Մասնավորապես օգոստոսի 6-ին զինյալները  կարողացել էին գրավել Ռամուսահի շրջանում տեղակայված հրետանային քոլեջը:

Դրությունը Հալեպում 2016-ի օգոստոսի 6-ի դրությամբ

Դրությունը Հալեպում 2016-ի օգոստոսի 6-ի դրությամբ

Ավելացնենք, որ 2012 թ. օգոստոսից Հալեպը բաժանված է երկու մասի` արևմտյան շրջանը պաշտպանում է սիրիական բանակը, իսկ արևելյան շրջանը գտնվում է երկու տասնյակ զինված խմբավորումների վերահսկողության տակ: Նշված մի քանի տասնյակ խմբավորումների մեծ մասը կառավարական ուժերից բացի զինված առճակատման մեջ է նաև ԻՊ զինյալների հետ:

One response to “Հալեպում Սիրիայի կառավարական ուժերը վերականգնում են իրենց դիրքերը

  1. Pingback: Սիրիայի կառավարական ուժերը գրոհել են Հալեպի հարավարևմտյան շրջանները. (վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *