Ադրբեջանի ՊՆ-ն և ԱԳՆ-ն տարբեր տվյալներ են տալիս ԶՈւ մարտական կորուստների մասին

Razm.info-ն համադրել է Ադրբեջանի մարտական կորուստների մասին ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչի զեկույցները Ադրբեջանի պետական գերատեսչությունների հայտնած տվյալների հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ պետական տարբեր գերատեսչությունների տվյալները զգալիորեն տարբերվում են միմյանցից:

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան Յաշար Ալիևը տարբեր ժամանակահատվածներում զեկույցներ է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որտեղ ներկայացնում էր Ադրբեջանի ամսական կորուստները: Մենք անդրադարձել ենք 2016 թ. հունվար–հունիս ամսիների կորուստների վերաբերյալ զեկույցներին:

•Հունվարից մարտ ընկած հատվածում դեսպանը հայտնել է 7 մարտական կորստի մասին: Այդ թվում՝ հունվարին հայտնել է մեկ մարտական կորստի մասին, որն արձանագրել էր նաև Razm.info-ն: Փետրվարին հայտնած մարտական կորուստների թիվը 2-ն է, ինչը մեկով պակաս է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտնած և Razm.info-ի արձանագրած տվյալներից: Մարտին դեսպանը հայտնել է 4 մարտական կորստի մասին, այնինչ՝ Ադրբեջանի ՊՆ-ն և Razm.info-ն արձանագրել են 3 մարտական կորուստ:

Այսպիսով՝ հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանի ՊՆ-ն և ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հայտնել են 7 մարտական կորստի մասին: Սակայն պաշտպանության նախարարությունը հայտնել էր փետրվարի 3-ին սպանված զինծառայողի մասին, որը չկա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրած զեկույցում: Բացի այդ, ՄԱԿ-ին ներկայացված զեկույցում մարտի 25-ին արձանագրվել է 2 մարտական կորուստ, իսկ ՊՆ-ն հայտնել է մեկի մասին: Փաստերի համադրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը թաքցնում է նշված ժամանակահատվածում առնվազն 2 մարտական կորուստ: 

• Ապրիլ ամսվա կորուստների մասին ներկայացվել է 2 զեկույց:

Զեկույցներից մեկը,  որը հուլիսի 14-ին դեսպան Յաշար Ալիևը ներկայացրել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, վերաբերում է ապրիլ ամսվա ընդհանուր մարտական կորուստներին:

Զեկույցում նշվում է, որ ապրիլի 2-ին հայկական կողմի կրակի արդյունքում սպանվել է 23 և վիրավորվել 6 ադրբեջանցի զինծառայող, սակայն նույն զեկույցին կից փաստաթղթում, որտեղ կորուստները և հրադադարի խախտումները ներկայացվում են ըստ օրերի, ապրիլի 1-4-ը ընկած հատվածի համար տվյալները բացակայում են: Մնացած՝ ապրիլի 5-30 ընկած հատվածում, հայտնում են 6 սպանվածի և 20 վիրավորի մասին: Զոհերից մեկը արձանագրվել էր ապրիլի 14-ին:

Ի հակադրություն այս զեկույցի՝ նշենք, որ միայն ապրիլի 2-ին Ռազմինֆոն արձանագրել է  Ադրբեջանի 34 մարտական կորուստ, իսկ ապրիլի 1-5-ը՝ առնվազն 94 մարտական կորուստ: 

Երկրորդ զեկույցով ապրիլի 21-ին դեսպան Յաշար Ալիևը փոխանցել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի ԱԽ նախագահողին: Զեկույցը վերաբերում է ապրիլի 5-19 ընկած հատվածում հրադադարի խախտումներին և Ադրբեջանի մարտական կորուստներին:

Ապրիլի 5-19 ընկած հատվածում հայտնում են 4 սպանվածի և 16 վիրավորի մասին: Ուշագրավ է, որ զեկույցին կից՝ ըստ օրերի ներկայացվող փաստաթղթում ապրիլի 14-ի մարտական կորստի մասին չի խոսվում, ինչը հակասություն է մտցնում նույն ժամանակահատվածին վերաբերող 2 փաստաթղթերի մեջ:

Զեկույցներում նշված  մարտական կորուստների թիվը չի համապատասխանում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտնած տվյալների հետ, որը ապրիլի 2-5-ը ընկած հատվածի համար հայտնել է ընդհանուր 31 մարտական կորստի մասին: Ադրբեջանի տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց հերթին ապրիլին հայտնել են 75 զինծառայողի հուղարկավորության մասին, որոնք բոլորը մարտական կորուստներ են:

Մայիս ամսվան վերաբերող զեկույցում հայտնում են մարտական 5 կորուստ և 6 վիրավորի մասին, իսկ հունիսին վերաբերող զեկույցում արձանագրվել է ընդամենը 1 վիրավոր:

Սակայն ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Ռազմինֆոն պարզել է  մայիս ամսին ադրբեջանական բանակի 9 կորուստ, որոնցից մարտական են 6-ը, իսկ հուլիսին՝ 4 ոչ մարտական կորուստ:

Համադրելով մարտական կորուստների մասին ՊՆ և ԱԳՆ տվյալները` կարելի է փաստել, որ  միայն մարտի 25-ին Ադրբեջանի ՊՆ-ն թաքցրել է 1 կորուստ (զեկույցում մարտի 25-ի համար նշվում է 2 կորուստ) :

Միայն ապրիլի 2-ին Ադրբեջանի ՊՆ-ն թաքցրել է 11 կորուստ (զեկույցում՝ 23, ՊՆ-ն հայտնել է 12),  ապրիլի 6-ին՝ 3 կորուստ, իսկ ապրիլի 28-ին՝ 1: Սակայն, պետք է ընգծել, որ ԱԳՆ զեկույցները ևս թերի են և չեն արտացոլում Ադրբեջանի կորուստների ամբողջական պատկերը:

Այսպիսով՝  Ադրբեջանի երկու պետական գերատեսչությունների անհամաձայնեցված գործողությունները թույլ են տալիս բացահայտել իրենց իսկ թաքցրած  մի շարք մարտական կորուստներ:

Նշենք, որ 2016 թ. հունվար-օգոստոս ամիսներին Ռազմինֆոն Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում արձանագրել է 130 կորուստ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *