Տաջիկստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական զորավարժություն են անցկացնում

Օգոստոսի 17-ին Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժության ընթացքում ոչնչացրել են  պայմանական զինված ահաբեկիչների քարավանը երկրի Կարշիտաու լեռնաշղթայի նախալեռներում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

ՌԴ ԶՈւ 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբ

ՌԴ ԶՈւ 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբից

Կտրուկ փոխվող ուսումնամարտական իրադրության պայմաններում՝ քողարկված կրակային դիրքերում տեղակայված 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցները կրակել են պայմանական հակառակորդի դիրքերի ուղղությամբ:

Պայմանական հակառակորդի կորդինատները հայտնաբերել և հրամանատարական կայան են փոխանցել 201-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները:

Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայության տեղեկություններով՝ կրակային պատրաստությունն իրականացվել է 201-րդ ռազմաբազայի հրթիռային ստորաբաժանումների ճամբարային հավաքների շրջանակներում,  որոնք կձգվեն մինչև սեպտեմբերի կեսերը:

Ավելացնենք, որ Տաջիկստանը հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչը մտահոգություն է առաջացնում, որ հարավից՝ Աֆղանստանից, այդ երկիր կարող են ներխուժել ինչպես «Թալիբանի», այնպես էլ՝ «Իսլամական պետության» զինյալները:

Այս պատճառով Տաջիկստանում հակաահաբեկչական զորավարժությունները պարբերական բնույթ են կրում, իսկ 2015-ի մայիսին ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերն անցկացրել են «Աֆղանստանից Տաջիկստան ներխուժած» պայմանական զինված խմբավորման ոչնչացման սցենարով զորավարժություն, որին մասնակցել է նաև հայկական ստորաբաժանում :

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի վարժանքները Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարանում (արխիվ)

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի վարժանքները Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարանում (արխիվ)

Ռուսաստանյան 201-րդ ռազմաբազան ստեղծվել է Ռուսաստանի  և Տաջիկստանի միջև 2004-ին կնքված համաձայանգրով՝ 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա։ 2012-ի բանակցություններից հետո երկու պետությունները ստորագրել են համաձայնագիր, որով ՌԴ ռազմաբազան Տաջիկստանում կշարունակի մնալ մինչև 2042 թվականը։ Ռազմաբազայում ծառայում է ՌԴ զինված ուժերի շուրջ 7,5 հազար զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *