Ռուսաստանը կընդլայնի և կարդիականացնի «Հմեյմիմ» ավիաբազան

Ռուսաստանը մտադրված է ընդլայնել Սիրիայում Հմեյմիմ բազայի ենթակառուցվածը,  բազայում ծանր ավիացիայի զետեղման համար հնարավորություններ ստեղծել, ինչպես նաև կառուցել զինավան անձնակազմի համար:

Այս մասին հայտնում է ռուսաստանյան իշխանամետ «Իզվեստիա» լրատվակայքը՝ հղում անելով Դաշնության պաշտպանության  խորհրդի  հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կինցեվիչին:

ՌԴ օդուժի Սու-34 ռմբակոծիչը «Հմեյմիմ» ավիաբազայում

ՌԴ օդուժի Սու-34 ռմբակոծիչը «Հմեյմիմ» ավիաբազայում

ՌԴ ավիախումբը կարող է մեծացվել երկկողմ համաձայնության դեպքում: Ռուսաստանը իրավունք չի ունենա ռազմաբազայում մշտական հիմունքներով տեղակայել միջուկային զենք և ծանր ռմբակոծիչներ

ՌԴ ՊՆ-ում լրատվամիջոցի աղբյուրը հայտնում է, որ բազայի ենթակառուցվածքի ընդլայնումը պլանավորվել է դեռևս 2015-ի վերջից: Սակայն օբյեկտի իրավական կարգավիճակի հարցը դեռ չէր լուծվել:

Ֆրանց Կինցեվիչը նաև հայտնել է, որ «Հմեյմիմ» բազան ռուսաստանյան զորքերի տեղակայման համար մշտական բազայի վերածելը պայմանավորված է նաև Ռուսաստանի անվտանգությամբ:  Ռուսաստանը հասկանում է, որ եթե միջոցներ չձեռնարկի ահաբեկչական գործունեությունը կհասնի նաև իրեն: Արևմուտքի հետ համաձայնության գալ չի հաջողվում, դրա համար ՌԴ-ն ամրապնդում է Իրանի, Իրաքի և Սիրիայի հետ հարաբերությունները:

Բազայում կդրվի նաև նոր ռադիոտեխնիկական սարքավորում, այդ թվում նաև օդային շարժի ղեկավարման համակարգ:

Ավելի վաղ՝ օգոստոսի 9-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետդումայում ներկայացրել էր Սիրիայում ռուսաստանյան ավիախումբ տեղակայելու մասին Սիրիայի և Ռուսաստանի միջև 2015-ի օգոստոսի 26-ին կնքված անորոշ ժամկետով և անհատույց պայամանագիրը վավերացնելու մասին օրինագիծը: Սրանով «Հմեյմիմ» ավիաբազայում ռուսաստանյան ավիախմբի տեղակայումը իրավական հստակ կարգավիճակ կստանա: Սակայն Օրինագիծը ուժի մեջ կմտնի միայն երկու երկրներում սահմանված գործընթացներն անցնելուց, հաստատվելուց հետո:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների ու ապստամբների դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *