ԻՊ-ն և «Թալիբանը» հաշտություն են կնքել ընդդեմ ամերիկաաֆղանական ուժերի. WSJ

Աֆղանստանում «Թալիբան» ահաբեկչական շարժումը և «Իսլամական պետությունը» մի քանի ամիս է ինչ ոչ ֆորմալ հաշտություն են կնքել և միասին դիմակայում են ԱՄՆ-ի աջակցությամբ գործող աֆղանանական զինծառայողների դեմ:

Այս մասին հայտնում է The Wall Street Journal թերթը:

Թալիբան շարժման զինյալներ

Թալիբան շարժման զինյալներ

Մինչ վերջերս մի քանի շրջանում իշխանության համար ԻՊ-ն և թալիբները մարտեր էին մղում միմյանց դեմ,  իսկ աֆղան զինծառայողները և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը օգտվում էին այդ հակամարտությունից՝ միանգամից գրոհելով զինյալների մի քանի ճակատով: Այս մասին պարբերականի հետ զրույցի ժամանակ հաստատել է նաև Աֆղանստանի ԶՈւ գեներալ, երկրի արևելյան շրջանի զորքերի հրամանատար Մոհամմեդ Զաման Վազիրին:

Հաշտության արդյունքում ԻՊ-ն իր ուժերը կենտրոնացրել է Նանգարխարի նահանգում ԱՄՆ-ի աջակցությամբ գործող աֆղանական ուժերի դեմ: Խմբավորումը նախատեսում է շարժվել  դեպի հյուսիսային Քունար նահանգ և հաստատվել հենակետում, որը  նախկինում պատկանել է «Թալիբանին» և ավելի վաղ՝ «Ալ Կաիդային»: ԻՊ-ն զորահավաք է անում Քունար նահանգում կառավարական ուժերի դեմ կռվելու համար, անգամ վճարում է անդամագրվողներին:

Մինչ կորցրած տարածքները հետ գրավելու շուրջ խմբերի միավորվելը՝ 2016-ի փետրվարին, ամերիկաաֆղանական համատեղ գործողությունն ընդդեմ «Իսլամական պետության» որակվում էր հաջողված:

Այնուամենայնիվ, երկու խմբավորման միջև հաշտությունը կարող է խախտվել յուրաքանչյուր պահի, որովհետև թալիբների պայքարի նպատակը Աֆղանստանը օտարերկրյա ուժերից մաքրելը և շարիաթի օրենքների հաստատումն է, իսկ «Իսլամական պետության» նպատակը՝ համընդհանուր խալիֆայության ստեղծումը:

Նշենք, որ օրեր առաջ Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը հայտարարել էր, որ «Իսլամական պետությունը» Աֆղանստանում է՝  Պակիստանի հետ սահմանին մոտ, և ծրագրում է հարվածել Իրանին:

«Թալիբանը»իսլամիստական ծայրահեղական շարժում է, որը ձևավորվել է 1994 թվականին Աֆղանստանում, իսկ 1996-2001 թթ. ղեկավարել Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան նահանգը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ

Իսլամական Պետությունը գործում է Աֆղանստանի մի շարք նահանգներում. Քունդուզ, Նանգրապար, Գազնի, Քունար և այլն:  ԻՊ-ն Աֆղանստանում գործում է 2014 թվականից, երբ նախկին թալիբները Ֆարախի նահանգում ձևավորեցին ԻՊ-ի առաջին -ճամբարը և հայտարարեցին զինյալների հավաքագրում:

Հուլիսի 25-ին ՄԱԿ-ի հրապարակած զեկույցը ցույց է տալիս Աֆղանստանում 2009 թվականից սկսած քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի  թիվը. 2009 թվականի հունվարի մեկից մինչև 2016-ի հունիսի 30-ը  ՄԱԿ-ի հաշվարկներով տուժած քաղաքացիների թիվը հասել է 63,934-ի. 22,941 մահվան դեպք, 40,933 վիրավորում:

Հիշեցնենք, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում տեղական անվտանգային կառույցներին օժանդակում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները, որոնք հուլիսի 8-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում որոշեցին, որ իրենց «Վճռական աջակցություն» առաքելությունը շարունակելու են նաև 2016-ից հետո, իսկ Աֆղանստանի ուժայիններին ֆինանսավորումը շարունակելու են մինչև 2020թ.:

«Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանը՝ ՀՀ ԶՈւ 131 խաղաղապահ զինծառայողներով:

One response to “ԻՊ-ն և «Թալիբանը» հաշտություն են կնքել ընդդեմ ամերիկաաֆղանական ուժերի. WSJ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 7-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *