Ռուսաստանը Սիրիայում Տու-214Ռ հետախուզական ինքնաթիռներ է կիրառել

Ռուսաստանյան «Իզվեստիա» լրատվակայքը փոխանցում է ՌԴ ՊՆ-ից ստացված տեղեկությունն այն մասին, որ ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դիրքերը հետախուզելու համար օգտագործել են Տու-124Ռ (Ту-214Р) մարտավարական հետախուզական ինքնաթիռներ:

Ռուսաստանյան լրատվակայքը հավելում է, որ մինչ այս Տու-124Ռ ինքաթիռը ռուսաստանյան ավիաարտադրության ամենախնդրահարույց նախագծերից մեկն էր: Մասնավորապես 2013-ին ՌԴ ՊՆ-ն որոշել էր հրաժարվել ինքնաթիռները գնելուց՝ հաշվի առնելով վերջիններիս հետ առաջացած մի շարք տեխնիկական խնդիրները:

ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-124Ռ հետախուզական ինքնաթիռ

ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-124Ռ հետախուզական ինքնաթիռ

Սակայն այժմ նշվում է, որ ինքնաթիռը Սիրիայում իրեն ամբողջովին արդարացրել է և պատրաստ է մարտական գործողությունների: Ինքնաթիռը համալրված է ռադիոէլեկտրոնային պայքարի մեխանիզմով, ռադիոհետախուզության սարքավորումներով:

Բացի այդ, ռադիոէլեկտրոնային համակարգերի մի մասնագետ «Իզվեստիային» հայտնել է, որ Տու-124Ռ ինքնաթիռները հատուկ զննության և տեխսպասարկման կարիք են ունենում միշտ, ինչը ՌԴ տարածքում իրականացվում էր արտադրող ընկերության գործարաններում: Սակայն այժմ տեխսպասարկումն իրականացվում է Սիրիայում ռուսաստանյան «Հմեյմիմ» ավիաբազայում և դեռևս որևէ խնդիր չի առաջացել:

Flightradar24.com մասնագիտացված կայքը Ռուսաստանից Սիրիա Տու-124Ռ ինքնաթիռի տեղափոխումն արձանագրել էր հուլիսի 28-ին: Սակայն ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները դեռևս որևէ հստակ տեղեկություն չէին տրամադրել:

Ավելացնենք, որ ինքնաթիռը Սիրիայի տարածքում եղել էր նաև 2016-ի հունվարին: Սակայն մարտական գործողություններին ներգրավելու վերաբերյալ տեղեկություններ չէին հրապարակվել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2015-ի հոկտեմբերից Սիրիայի կառավարության թույտվությամբ այդ երկրի տարածքում տեղակայել է ՌՕՈւ ստորաբաժանումներ և ավիահարվածներ է հասցնում ահաբեկչական խմբավորումների դիրքերին:

2016-ի մարտին Ռուսաստանը Սիրիայից դուրս էր բերել իր օդուժի մի մասը: Սակայն վերջին շրջանում ռուսաստանյան օդուժը ծանր վնասներ է կրում զինյալների դեմ պայքարում: Մասնավորապես օգոստոսի 1-ին Սիրիայի ահաբեկչական խմբավորումներից մեկի անդամները խոցել էին ռուսաստանյան օդուժի Մի-8 բեռնատար ուղղաթիռը, անձնակազմը զոհվել էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *