Տաջիկստանում ՌԴ ռազմաբազայի զորավարժության ժամանակ կիրառվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ

Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազայի զինծառայողները Արևելյան Պամիր լեռան ստորոտին անցկացվող վարժանքների ժամանակ առաջին անգամ կիրառել են նոր ստացած ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ:

Հուլիսի 26-ին այս մասին հայտնել է Ռուսաստանի ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գնդապետ Յարոսլավ Ռոշչուպկինը: Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ

ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ

Ռազմական շրջանի հրամանատարի տեղակալը հայտնել է նաև, որ զրահափոխադրիչները ռազմաբազա են տեղափոխվել այս տարվա հունիսի սկզբին: Ըստ նրա՝ վերջին երկու տարիների ընթացքում 201-րդ ռազմաբազա է տեղափոխվել ավելի քան 400 միավոր սպառազինություն, այդ թվում նաև «Ուրալ» բեռնատարներ,  արդիականցված Տ-72 տանկեր, «Ֆորպոստ», «Զաստավա», «Գրանատ» և այլ տեսակի անօդաչու թռչող սարքեր:

2015-ի մարտին Ռոշչուպկինը հայտնել էր, որ  201-րդ ռազմաբազան 2015 թվականին կստանա մոտ 100 միավոր ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ, որոնք փոխարինելու են սպառազինության մեջ եղած ռազմական տեխնիկային։

Նշենք, որ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչը ԲՏՌ-80 զրահափոխադրիչի խորը սերիական արդիականացումն է, նախատեսված է ստորաբաժանումները մարտի դաշտ տեղափոխելու և կրակով աջակցելու համար: Զինված է 30 մմ թնդանոթով և 7,62 մմ գնդացրով: Անձնակազմը 3 հոգի է, տեղափոխվող անձնակազմը՝ 8 հոգի: Արտադրվում է 2011 թվականից և առկա է Ռուսաստանի և Ղազախստանի զինված ուժերի սպառազինության մեջ:

Ավելացնենք, որ Ռուսաստանի 201-րդ ռազմաբազայում մարտական պատրաստվածության վարժանքները սկսվել են հուլիսի 22-ից: Դրանց մասնակցում է ռազմաբազայի ամբողջ անձնակազմը: Վարժանքները իրականացվում են Դուշանբե և Կուրգան-Թյուբե քաղաքների կայազորներում:

Նշենք, նաև, որ 201-րդ ռազմաբազան Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող ռուսաստանյան ամենամեծ ռազմական օբյեկտն է: Համաձայն 2012-ին կնքված պայմանագրի ռազմաբազան Տաջիկստանում կմնա առնվազն մինչև 2042 թվականը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *