Իրանի հյուսիս-արևմուտքում 2 ահաբեկչական խմբավորում է ոչնչացվել

Իրանի հյուսիսարևմտյան Քուրդիստան և Արևմտյան Ադրբեջան նահանգներում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) 2 ահաբեկչական խմբավորում է ոչնչացրել: Այս մասին հուլիսի 24-ին հայտնել է ԻՀՊԿ հրամանատար, բրիգադային գեներալ Մաջիդ Արջմանդֆարը: Փոխանցում է իրանական Press TV լրատվական գործակալությունը:

Իրանի ԻՀՊԿ զինծառայողները

Իրանի ԻՀՊԿ զինծառայողները

Ըստ Արջմանդֆարի` ԻՀՊԿ-ն ոչնչացրել է 23 ահաբեկչի և վնասներ է հասցրել նրանց բազաներին: Նա նաև հայտնել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում ընդհանուր առմամբ գործում է 5 ահաբեկչական խմբավորում:

Նշենք նաև, որ հուլիսի 22-ին  Արևմտյան Ադրբեջան նահանգում  ԻՀՊԿ-ն փորձել է  վնասազերծել ևս 4 ահաբեկչի, ովքեր փորձում էին Թուրքիայից հատել Իրանի սահմանը: Ահաբեկիչներից 2-ը դիմել էին փախուստի, մեկը ձերբակալվել էր, իսկ մյուսն էլ` սպանվել:

Իսկ հուլիսի 19-ին Իրանի հարավարևելյան  նահանգ  Սիստան-Բելուջիստանում ձերբակալվել էր 40 ահաբեկիչ: Այդ նահանգի Խաշ քաղաքում հայտնաբերվել էր ահաբեկիչների կառուցած ստորգետնյա թունելը, որի միջոցով նրանք պլանավորել էին իրականացնել 2 խոշոր պայթյուն:

2016թ. հունիսից Իրանը  Քուրդիստան և Սիստան-Բելուջիստան նահանգներում ակտիվ պայքար է մղում ահաբեկչական խմբավորումների դեմ:

Հոդվածի հեղինակ Ժաննա Վարդանյան