Ռուսաստանը Իրանին է մատակարարել Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգերի հրթիռների առաջին խմբաքանակը: Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Սա հրթիռների մատակարարման վերաբերյալ առաջին հրապարակումն է, թեև դեռևս ապրիլին՝ Իրանի զինված ուժերի օրը, զորահանդեսին ներկայացվել էին Ռուսաստանից Իրան ուղարկված զենիթահրթիռային համակարգերի որոշ բաղադրիչներ, բայց առանց արձակման կայանի և հրթիռների:
Հիշեցնենք , որ 2015թ. վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Ս-300ՊՄՈւ-2 համակարգերի առաջին և երկրորդ գնդային լրակազմերը Իրանին կտրամադրի 2016-ի հունվար-փետրվար և օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Սակայն համակարգերը փետրվարին չմատակարարվեցին, քանի որ Իրանը դեռ չէր կատարել համապատասխան վճարումները: Ս-300 համակարգերի առաջին բաղադիչները մատակարարվեցին 2016թ ապրիլին և ցուցադրվեցին Իրանի զինված ուժերին նվիրված զորահանդեսում:
Հիշեցնենք, որ Իրանը և Ռուսաստանը Ս-300 հակահրթիռային համակարգի գնման պայմանագիր կնքել են 2007-ին: Ըստ պայամանգրի` համակարգերի համար Իրանը վճարելու էր մոտ 800 մլն ամերիկյան դոլար:
Սակայն 2010-ին ՄԱԿ-ը սահմանեց պատժամիջոցներ Իրանի նկատմամբ, որով արգելեց որոշ զինատեսակների մատակարարումը Իրանին: Ու թեև Ս-300 համակարգերի մատակարարման պայմանագրին դա չէր վերաբերում, այնուամենայնիվ Ռուսաստանը , պատրվակ ընտրելով ՄԱԿ-ի պատժամիջոցները, հրաժարվեց Իրանին մատակարարել զենիթահրթիռային համակարգերը:
Իրանի վրայից պատժամիջոցները հանելու համատեքստում 2015թ ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով հանվեց Ս-300 համակարգերի` Իրան արտահանման արգելքը:
Հոդվածի հեղինակ՝ Ժաննա Վարդանյան
Pingback: Իրանի պաշտպանության նախարարը հաստատել է Ս-300 հրթիռների առաջին խմբաքանակի ստացումը | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info
Pingback: Իրանը ստացել է ռուսաստանյան Ս-300-ների խմբաքանակի կեսը. Ռոգոզին | Ռազմ.info
Pingback: Իրանը Ս-300-ները տեղակայել է միջուկային օբյեկտի մոտ | Ռազմ.info