Հայաստանում ՌԴ ռազմաբազան ավարտել է «Ալագյազում» անցկացված վարժանքները

Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազան ավարտել է բարձրլեռնային զորավարժարանում ավելի քան 2500 զինծառայողի, 500 միավոր տեխնիկայի, ՀՕՊ և ՌՕՈւ ուժերի մասնակցությամբ մարտական հրաձգությամբ տակտիկական զորավարժությունը: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

102-րդ ռազմաբազայի ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանը զորավարժության ժամանակ

102-րդ ռազմաբազայի ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանը զորավարժության ժամանակ (արխիվ)

Զորավարժությունն ավարտվել է պայմանական հակառակորդի ոչնչացման մասշտաբային զորային գործողություններով: Զորավարժության ընթացքում ռազմաբազայի ստորաբաժանումները պայմանական հակառակորդի առաջխաղացող մեխանիզացված ստորաբաժանումների կոորդինատները հայտնաբերել են «Տախիոն», «Օրլան-10» և «Նավոդնիկ-2» ԱԹՍ-ներով և տվյալները փոխանցել հրամանատարական կենտրոն:

Ստացված տվյալների հիման վրա ստորաբաժանումները պայմանական հակառակորդի թիրախները խոցել են 152 մմ «Գիացինտ» և 122 մմ «Գվոզդիկա» ինքնագնաց հրանոթներից և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից:

Ռազմաբազայի ստորաբաժանումները նահանջող հակառակորդի դիրքերին հարվածել են տանկերից, ՀՄՄ-ներից, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համալիրներով, «Պոդնոս» ականանետներով, «Շիլկա» ինքնագնաց զենիթային համակարգերով՝ ՄիԳ-29 կործանիչների, Մի-8ՄՏ և Մի24Պ հարվածային, գրոհային ուղղաթիռների աջակցությամբ:

Զորավարժության ավարտին ՀՌՇ շտաբի մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Ռոման Բինյուկովը հայտարարել է, որ գիշերային և ցերեկային ժամերին անցկացված վարժանքները հաջող են անցել, սակայն վերջնական գնահատականը կտրվի դեպի մշտական տեղակայման վայր 100 կմ երթից հետո:

Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի ստուգումները սկսել էին հուլիսի 11-ին: Արդեն հուլիսի 12-ին ռազմաբազայի ամբողջ անձնակազմի ներգրավմամբ զորավարժություն մեկնարկել էր Հայաստանի «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում:

Հոդվածի հեղինակ՝ Նազենիկ Սարոյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *