ԱՄՆ-ն Boeing-ին և Airbus-ին արգելել է քաղաքացիական ինքնաթիռներ վաճառել Իրանին

Հուլիսի 7-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը (US House of Representatives) ամերիկյան Boeing և եվրոպական Airbus ընկերություններին արգելել է Իրանին վաճառել մարդատար ինքնաթիռներ, որոնց վերաբերյալ ընկերություններն արդեն պայմանավորվածություններ ունեին: Այս մասին հայտնում է ամերիկյան The Hill պարբերականը:

Ամերիկյան Boeing-777 քաղաքացիական ինքնաթիռ

Ամերիկյան Boeing-777 քաղաքացիական ինքնաթիռ

Նախագծի հեղինակ Փիթեր Ռոսքամը  (Peter Roskam) իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ Իրանը կարող է այդ ինքնաթիռներն օգտագործել ռազմական նպատակներով:

«Այդ ինքնաթիռները կարելի է օգտագործել 100 բալիստիկ հրթիռ կամ 15000 ձեռքի հակատանկային նռնականետ (նռնակ) տեղափոխելու համար»,- նրա խոսքերը մեջբերում է ամերիկյան ABC News լրատվակայքը:

Նշենք, որ խոսքը բազմամիլիարդանոց գործարքների չեղարկման մասին է, որոնցով Իրանը նախատեսում էր արդիականացնել իր քաղաքացիական ավիապարկը:

Մասնավորապես Boeing ընկերության հետ արդեն ձեռք բերված համաձայնությամբ՝ Իրանը մտադիր էր գնել 80 ինքնաթիռ և ևս 29-ը վարձակալել լիզինգով: Այս համաձայնությունն ընդհանուր առմամբ գնահատվում էր մոտ 25 միլիարդ դոլար: Համաձայնագիրը, սակայն, դեռ պետք է վավերացներ ԱՄՆ կառավարությունը:

Ավելի վաղ Իրանը 118 մարդատար ինքնաթիռ  գնելու շուրջ պայմանավորվել էր նաև ֆրանսիական Airbus ընկերության հետ: Պայմանագրի  արժեքը կազմել էր 27 մլրդ դոլար: Պայմանագիրը ստորագրվել էր 2016թ. հունվարի վերջին ՝ Հասան Ռոուհանիի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ:

Սակայն ԱՄՆ ներկայացուցիչների պալատը, փաստորեն, այս համաձայնագրի ընթացքը նույնպես կասեցրել է, քանի որ Airbus-ն օգտագործում է ամերիկյան պահեստամասեր, և ամբողջական ինքնաթիռներ արտահանելու համար պետք է ստանա ԱՄՆ թույլտվությունը:

Նշենք, որ պատժամիջոցների պատճառով Իրանի ավիապարկը երկար ժամանակ չի թարմացվել: Այժմ Իրանը փորձում է այն համալրել նոր ինքնաթիռներով:

Հոդվածի հեղինակ Ժաննա Վարդանյան

3 responses to “ԱՄՆ-ն Boeing-ին և Airbus-ին արգելել է քաղաքացիական ինքնաթիռներ վաճառել Իրանին

  1. Pingback: Իրանը մարդատար ինքնաթիռներ կգնի ամերիկյան Boeing ընկերությունից | Ռազմ.info

  2. Pingback: Իրանը Airbus ավիաընկերությունից 100 միավոր մարդատար ինքնաթիռ կգնի | Ռազմ.info

  3. Pingback: Airbus-ը Իրանին կմատակարարի պատվիրած 100 ինքնաթիռներից առաջինը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *