Թուրքիայի ԶՈւ-ն 260 միավոր ինքնագնաց հակատանկային զրահամեքենա կստանա

Հունիսի 27-ին Թուրքական FNSS ռազմարդյունաբերական ընկերությունը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) հետ ստորագրել է Թուրքիայի ԶՈւ կարիքների համար 260 միավոր ինքնագնաց հակատանկային հրթիռային համալիրներ արտադրելու պայմանագիր: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին հայտնում է FNSS ընկերության կայքը:

Թուրքական արտադրության Kaplan զրահամեքենան՝ համալրված հակատանկային հրթիռներով. նախատիպ

Թուրքական արտադրության Kaplan զրահամեքենան՝ համալրված հակատանկային հրթիռներով. նախատիպ

Թուրքիայի ցամաքային զորքերի սպառազինությունում առկա և թուրքական Roketsan ռազմարդյունաբերական ընկերության արտադրության միջին հեռահարության հակատանկային համակարգերը պետք է տեղադրվեն հատուկ աշտարակների վրա և մոնտաժվեն FNSS ընկերության արտադրության «Կապլան» (Kaplan) թրթուռավոր և «Պարս» (PARS 4×4) անվավոր զրահամեքենաների վրա:

260 միավոր ինքնագնաց հակատանկային համակարգերը, այդ թվում՝ 184 միավոր թրթուռավոր և 76 միավոր անվային ընթացամասով, նախատեսվում է Թուրքիայի ԶՈւ սպառազինությանը հանձնել 2020 թվականից: 2018-ին ընկերությունը պետք է սկսի առաջին նախատիպի փորձարկման փուլը:

Roketsan ընկերության արտադրած հակատանկային համակարգերից նոր համակարգերի վրա պետք է տեղադրվեն միջին հեռահարության OMTAS հակատանկային հրթիռները, յուրաքանչյուր մեքենայի վրա՝ 4-ական հրթիռ:

Թիրախի խոցման առ. հեռահարությունը`4 կմ
Նվազագույն հեռահարությունը՝0,2 կմ
Տրամաչափը 160 մմ
Զանգվածը՝ 35 կգ

Kaplan և PARS 4×4 զրահամեքենաների մարտավարատեխնիկական բնութագրերը

Kaplan-20 զրահամեքենան համալրված է ամֆիբիա համակարգերով, որոնք թույլ են տալիս անցնել ջրային տարածություններով։ Զրահամեքենայի տրանսմիսիան ավտոմատացված է։

Անձնակազմը՝ 3+6, կամ 3+8 (նշանառու, վարորդ, հրամանատար), լայնությունը՝ 3,15 մետր, առավելագույն արագությունը՝ 70կմ/ժ, գլխավոր զինատեսակը՝ 30մմ ավտոմատացված հրանոթ։ Օժտված է նաև 7.62 մմ գնդացիրով, գիշերային և ցերեկային տեսանելիության սարքերով, լազերային հեռաչափով։

PARS 4X4 նոր մարտավարական անվավոր զրահամեքենան նախատեսված է հակատանկային և հրամանատարաշտաբային գործողությունների համար։ Զրահամեքենայի անձնակազմը 5 մարդ է, այն կարող է շարժվել և խուսանավել ջրում։ Ցամաքային արագությունը 120կմ/ժ է, առավելագույն հեռավորությունը՝ 700կմ, ջրային առավելագույն արագությունը՝ 8կմ/ժ։

Թուրքական արտադրության PARS 4X4 զրահամեքենան՝ համալրված հակատանկային հրթիռներով. նախատիպ

Թուրքական արտադրության PARS 4X4 զրահամեքենան՝ համալրված հակատանկային հրթիռներով. նախատիպ

Ընկերության մասին 

FNSS ընկերությունը թուրքական Nurol հոլդինգի և բրիտանական British Aerospace (BAe) ընկերության համատեղ ձեռնարկությունն է, սակայն բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է թուրքական կողմին։

Ընկերությունը հիմնադրվել է 1987-ին՝ թուրքական Nurol և ամերիկյան FMC (Food Machinery Corporation) ռազմարդյունաբերական ընկերությունների միջև կնքված պայամանագրով և այդ վերջիններիս անուններից ստացել FNSS (FMC-Nurol Savunma Sanayi) անվանումը։ FNSS-ը 1989-ից թրթուրավոր և անվավոր զրահամեքենաներ է արտադրում Թուրքիայի զինված ուժերի համար։ Ընկերության արտադրանքը արտահանվում է նաև արտասահմանյան մի շարք պետություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *