Երևանում կքննարկվի ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը

Հուլիսի 4-ին Երևանում անցկացվելու է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ կայքը:

Նիստի օրակարգում են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության այլ հարցեր, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներ: Խորհրդի նիստն անցկացվելու է ՀԱՊԿ-ում այս տարի նախագահող երկրի՝ Հայաստանի արտգործնախարարի նախագահությամբ, կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Խորհրդի նիստում քննարկվելու է նաև ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնի ռոտացիայի (փոխարինման) հարցը: Այս հարցը դեռ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում 2015-ին քննարկել էին անդամ պետությունների նախագահները:

Որոշվել էր, որ անդամ 6 պետությունների ներկայացուցիչներն այդ պաշտոնում հերթականությամբ կնշանակվեն մեկ տարի ժամկետով: Այդ սկզբունքով առաջիկա փոխարինման դեպքում ՀԱՊԿ նոր քարտուղար է նշանակվելու Հայաստանի ներկայացուցիչ:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությանը, ապա այստեղ նույնպես, ինչպես ՀԱՊԿ-ում շատ դեպքերում, նախաձեռնողը հենց հայկական կողմն է:

Ռազմավարության ստեղծման անհրաժեշտության մասին առաջին անգամ 2015-ի սեպտեմբերին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների հանդիպման ժամանակ: Սա նաև որպես ՀԱՊԿ նախագահողի՝ Հայաստանի հայտարարած առաջնահերթություններից մեկն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *