Թուրքիան Սիրիայի հետ սահմանին փոքր հեռահարության ՀՕՊ համակարգեր է տեղակայում

Հունիսի 28-ից Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանամերձ Քիլիսի շրջանում սկսել են տեղակայել սեփական արտադրության ցածր հեռահարության ՀՕՊ համակարգեր՝ հայտարարելով, որ նպատակը շրջանի բնակչությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրթիռակոծություններից բնակչությանը պաշտպանելն է: Այս մասին հունիսի 28-ին հայտնել է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, հավելելով, որ 2016-ի հունվարի 17-ից մինչ օրս ԻՊ հրթիռակոծությունների (83 հրթիռ) հետևանքով Քիլիսի նահանգում սպանվել է 21, վիրավորվել՝ 80-ից ավելի մարդ:

Թուրքական արտադրության «Քորքութ» (Korkut) ցածր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային համակարգեր

Թուրքական արտադրության «Քորքութ» (Korkut) ցածր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային համակարգեր

Սահմանին տեղադրվող «Քորքութ» (Korkut) փոքր հեռահարության ինքնագնաց ՀՕՊ համակարգերն արտադրում են թուրքական Aselsan և FNSS ռազմարդյունաբերական ընկերությունները՝ հատուկ տվյալ նահանգում տեղադրելու նպատակով: ՀՕՊ համակարգերը համալրված են նույնպես Aselsan-ի արտադրության «Սերհաթ» (Serhat) ռադարներով:

ՀՕՊ համակարգը բաղկացած է Aselsan-ի արտադրության 35 մմ տրամաչափի «Էրլիկոն» (Oerlikon) արդիականացված երկփողանի զենիթային հրանոթներից, որոնք տեղադրվում են FNSS ընկերության արտադրության ZMA-30 թրթուռավոր զրահամեքենաների վրա: «Քորքութի» մեկ մարտկոցը բաղկացած է 3 արձակման կայաններից և մեկ հրամանատարաշտաբային մեքենայից:

Հաշվի ռանելով այն փաստը, որ թուրքական աղբյուրների հայտնած տեղեկությունների համաձայն՝ ԻՊ-ն կրակում է ինքնաշեն «Կատյուշա» հրթիռային համակարգերից, որոնք սպառազինված են «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 122 մմ հրթիռներով՝ անհավանական է թվում թուրքական կողմի այն հայտարարությունը, որ 35 մմ հրանոթներով հնարավոր կլինի խոցել նշված հրթիռները:

Aselsan-ի տրամադրած տվյալներով՝ «Serhat» ռադարներն արկերը կարող են հայտնաբերել 6 կմ հեռավորությունից:

Համակարգերը ժամանակի ընթացքում պետք է փոխարինեն 1950-ականներին ԱՄՆ-ի արտադրած և Թուրքիայի սպառազինությունում մինչ օրս առկա M42 Duster ինքնագնաց զենիթահրթիռային համակարգերին: Նշենք, որ ամերիկյան համակարգերի վրա, ի տարբերություն թուրքականների՝ տեղադրված են 40 մմ տրամաչափի զենիթային հրանոթներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *