Ռուսաստանն ավարտել է հարվածային ուղղաթիռների մատակարարումն Իրաքին

Իրաքի զինված ուժերին է մատակարարվել Ռուսաստանում արտադրված Մի-28ՆԷ հարվածային ուղղաթիռների 4 միավորանոց խմբաքանակ, ինչի մասին հունիսի 28-ին հայտնի է դարձել Իրաքի ՊՆ տարածած տեսանյութից:

Ռուսաստանից Իրաքի ստացած Մի-28ՆԷ հարվածային ուղղաթիռներից մեկը

Ռուսաստանից Իրաքի ստացած Մի-28ՆԷ հարվածային ուղղաթիռներից մեկը

Կողմերն ուղղաթիռների մատակարարման պայմանագիրն ստորագրել էին 2012-ին: Պայմանագրով նախատեսվում էր նմանատիպ 15 ուղղաթիռների մատակարարում Իրաքի զինված ուժերին:

Ռուսաստանյան «Ռազմավարության և ստրատեգիաների ուսումնասիրության կենտրոնի» բլոգի տվյալներով՝ մատակարարված ուղղաթիռները հենց պայմանագրով նախատեսված 15 ուղղաթիռներից վերջին 4 միավորն են:

Իրաքի ՊՆ տարածած տեսանյութում իրաքցի զինվորականները տեղեկացնում են, որ նախկինում մատակարարված ուղղաթիռներն արդեն կիրառվել են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Մի-28ՆԷ ուղղաթիռների վաճառքն իրաքյան կողմին մաս է կազմում 2012 թվականին Մոսկվայի և Բաղդադի միջև կնքված ավելի խոշոր պայմանագրի, որով նախատեսվում է 4,3 մլրդ ամերիկյան դոլարի սպառազինություն գնել Ռուսաստանից:

Հավանաբար հենց այս պայմանագրերի ստորագրման պայմաններում 2014-ին Իրաքը հրաժարվեց գնել ամերիկյան AH-64E Apache ուղղաթիռներ: Իրաքի զինված ուժերը 2014թ. ամռանն արագացված կարգով Ռուսաստանից գնեցին Մի-28ՆԷ ու Մի-35Մ ուղղաթիռներ: Ուղղաթիռները Իրաքին շտապ էին պետք, քանի որ թափ հավաքած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արդեն գրավել էր երկրի մի հսկա հատված ու սպառնում էր մայրաքաղաք Բաղդադին:

Այդ պայմաններում ռուսաստանյան կողմը կարողացավ արագորեն կողմնորոշվել ու սեփական արտադրանքը վաճառել Իրաքին: Նույն շտապ անհրաժեշտության պատճառով Իրաքը ամռան ընթացքում գնեց նախկինում ՌԴ զինված ուժերում օգտագործված Սու-25 գրոհիչներ, որոնք ևս ռուսաստանյան կողմը մատակարարեց արագացված տեմպերով ու առանց ավելորդ փաստաթղթաշրջանառության:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *