Ըստ Խիդաշելիի՝ իրենց զինծառայողները կապ չունեն ԿԱՀ-ում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության հետ

Հունիսի 27-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, ամփոփելով իր գործունեության 1 տարին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում անցկացված հետաքննությանը, նշելով, որ վրաստանցի զինծառայողները կապ չեն ունեցել տեղի անչափահաս երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններին:

Վրաստանի ԶՈւ զինծառայող

Վրաստանի ԶՈւ զինծառայող

Խնդիրն այն էր, որ դեռևս 2016թ. հունվարի 29-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի գլխավոր հանձնակատար Զեյդ Ռաադալ-Հուսեյինը հայտարարել էր, որ անհանգստացած է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում օտարերկրացի զինվորականների կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին հայտարարություններով: Հանձնակատարի նամակում նշվում էր, որ տեղացի աղջիկների հետ անցկացրած հարցումներում նրանք նշել են, որ իրենց հետ սեռական կապ են ունեցել նաև վրաստանցի զինծառայողները: Նշենք, որ 2014թ. հուլիսից մինչև 2015թվական այդ երկրում վրաստանցի զինծառայողները վաշտի մակարդակով են ծառայություն իրականացրել:

Վրաստանյան կողմը այդ հայտարարությունից հետո հատուկ հետաքննող խումբ էր կազմել, որը մեկնել էր Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն տեղում հետաքննություն իրականացնելու համար:

«Մեր միակ պահանջը հենց նույն հարթակից, նույն ձևաչափով նոր հայտարարություն անելն է: Պահանջում ենք ներողություն խնդրել և ասել, որ ավելի վաղ արված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»,— մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Խիդաշելին:

Հավելենք նաև, որ այժմ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ԵՄ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությանը մասնակցում է վրաստանյան 5 հոգանոց խորհրդատու խումբ: Վրաստանը նախատեսում է այնտեղ ուղարկել մեկ դասակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *