Ոչ պաշտոնական այցով ՌԴ ժամանած հնդկական ռազմանավերը հնարավոր է փրկարարական վարժանքներ անեն

Հնդկաստանի ռազմածովային ուժերի 3 ռազմանավ ոչ պաշտոնական այցով ժամանել է Վլադիվոստոկ: Ռազմանավերն այնտեղ մնալու են 4 օր: Հնդիկ հյուրերին Ռուսաստանում դիմավորել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԶՈւ արևելյան ռազմական շրջանի մամուլի պատասխանատու Իգոր Մայբորդովին:

Հնդկաստանի նավատորմի Սահյադրի ֆրեգատը

Հնդկաստանի նավատորմի Սահյադրի ֆրեգատը

Ավելի ուշ նույն լրատվամիջոցը, հղում անելով ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանատնից ստացած հաղորդագրությանը, հայտնում է, որ այցի ավարտին հնդիկ նավաստիները հնարավոր է համատեղ վարժանքներ անեն ռուսաստանյան նավատորմի ներկայացուցիչների հետ:

«Այժմյան այցն ուղղված է ծովում փոխգործակցության բարելավմանը: Վլադիվոստոկից հեռանալուց հետո Հնդկաստանի նավատորմի նավերը, հնարավոր է ռուսաստանյան նավատորմի հետ կապի ոլորտում, ինչպես նաև փրկարարական գործողություններում փոխգործակցության բարելավմանն ուղղված վարժանքներ անեն»,— ըստ «ՌԻԱ Նովոստի»՝ նշված է դեսպանատան հաղորդագրությունում:

Հաղորդվում է նաև, որ նման այցով հնդկական նավերը Ռուսաստան էին եկել նաև 2014 թվականին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *