Այսօր՝ հունիսի 27-ին, Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ստորագրել է պարտադիր ժամկետային զինծառայությունից հրաժարվելու մասին հրամանը: «Իմ խոստումներից մեկն էր եղել հանել պարտադիր ժամկետային զինծառայություն»,— ամփոփելով իր պաշտոնավարման 1 տարին լրագրողների ներկայությամբ համապատասխան հրամանը ստորագրել է Խիդաշելին, հաղորդում է վրաստանյան «Պիրվելի ռադիոն»:
«Բոլորն էլ պիտի ուզենան ծառայել Վրաստանի զինված ուժերում, քանի որ այն արժանապատիվ է: Իսկ ով չի ուզում, մենք չենք պարտադրելու»,— հայտարարել է Խիդաշելին:
Հարկ է հիշեցնել, որ դեռ 2015 թվականին Խիդաշելին հայտարարել էր, որ պարտադիր զինծառայությունը պիտի վերանա մինչև 2016 թվականը: «Ես պատրաստ եմ խորհրդարանական ցանկացած ձևաչափով սկսել քննարկումները։ Անհարժեշտ է փոխհամաձայնության գալ, թե ինչպիսի բանակ ենք ուզում։ Կարծում եմ, որ մեր բանակն ամբողջովին պիտի լինի պայմանագրային հիմունքներով», — այն ժամանակ ասել էր Խիդաշելին:
Նշենք, որ նման կարծիք էր հայտնել նաև ընդդիմադիր Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին անդամ, պատգամավոր Զուրաբ Ջապարիձեն: Նա կոչ էր անում վերացնել պարտադիր զինվորական ծառայությունն ու անցնել պրոֆեսիոնալ բանակի։
Խիդաշելին պարտադիր զինծառայությունը հանելու մասին խոսել էր նաև այս տարվա ապրիլին, սակայն նշվում էր, որ այն հնարավոր կլինի 2017-ից:
Վրաստանի զինված ուժերը համալրվում են 4 ձևով՝ պարտադիր զորակոչ, պայմանագրային հիմունքներով, ինչպես նաև կադրային և պահեստազորային տարբերակով:
Պարտադիր ժամկետային զինծառայության էին գնում երկրի 18-27 տարեկան քաղաքացիները: Նրանք ծառայում էին ոչ միայն պաշտպանության նախարարությունում, այնպես էլ այլ գերատեսչություններում, ինչպիսիք են՝ ներքին գործերի նախարարություն, Ազգային անվտանգության ծառայությունում, պետական պահպանությունում:
2013-ին Վրաստանի խորհրդարանը հաստատեց «Զինվորական պարտականության և զինվորական ծառայության մասին» օրենքում փոփխությունները, որով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 18 ամսից կրճատվեց 12 ամիս:
Զորակոչն իրականացվում էր տարվա մեջ 2 անգամ՝ աշնանը և գարնանը:
Pingback: Վրաստանի բանակում պարտադիր զինծառայությունը դադարեցնելու Խիդաշելիի հրամանը աղմուկ է բարձրացրել | Ռազմ.info
Pingback: Վրաստանում վերականգնվում է պարտադիր զինծառայությունը | Ռազմ.info