Ստոլտենբերգը հույս ունի, որ ՌԴ-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը կանցկացվի Վարշավայի գագաթաժողովից հետո

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը հնարավոր է անցկացվի հուլիսի 8-9-ը Վարշավայի գագաթաժողովից հետո: Այս մասին հունիսի 22-ին հայտնում է ամերիկյան «The New York times» պարբերականը՝ հղում անելով «The Associated Press»-ին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը

«Համոզված չեմ, որ դա հնարավոր է [մինչև գագաթաժողովը նիստ անցկացնել]… Հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք այն անցկացնելու անմիջապես գագաթաժողովից հետո», — հայտնել է Ստոլտենբերգը, հավելելով, որ այժմ Ռուսաստանի հետ բանակցություններ են վարում:

Հավելենք, որ մայիսի 31-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշիկովսկու հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը:

«Երբ լարվածությունը բարձր է, երկխոսությունը, կանխատեսելիությունը և թափանցիկությունը դառնում է ավելի կարևոր…Այդ իսկ պատճառով դաշնակիցները համաձայնել են, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հանձնաժողովը պիտի նորից հանդիպի մինչև գագաթաժողովը [Նկատի ունի ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթաժողովը — Razm.info]»,— հայտարարել էր Ստոլտենբերգը:

Հունիսի 10-ին էլ ՌԴ արտգործնախարարության համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօերն Անդրեյ Քելինին հաղորդել էր, որ Մոսկվան քննարկում է Ռուսաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ անցկացնելու հարցը: «Որոշում դեռ չի կայացվել: Բայց ամեն դեպքում չի կարելի հրաժարվել բանակցելու և փոխգործակցելու ամենակարևոր ալիքից», — ասել էր Քելինին:

Տեղեկացնենք, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի աշխատանքները կանգնեցվել են 2014 թվականից Ղրիմի շուրջ իրադարձությունների պատճառով: Դրանից հետո առաջին նիստն անցկացվեց 2016 թվականի ապրիլին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *