Խիդաշելի. «Որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու պայման՝ սկսել են հիշեցնել տարածքային ամբողջականության հարցը»

Հունիսի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին մասնակցել է Վարշավայում անցկացված ամերիկյան հեղինակավոր «Գերմանական Մարշալի հիմնադրամ» կազմակերպության (The German Marshall Fund of the United States) ֆորումին, խոսել ՆԱՏՕ-ից սպասելիքների և երկրի եվրաինտեգրման հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Մեջտեղում Թինա Խիդաշելին է

Մեջտեղում Թինա Խիդաշելին է

«2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովում հստակ ասված էր, որ Վրաստանն ու Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ առանց որևէ նախապայմանների, առանց մի շարք հանգամանքների: Այն ժամանակ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար տարածքային ամբողջականության վերականգման հարցը ոչ ոք չէր դնում: Ցավոք, ՆԱՏՕ-ին անդամակցելու համար վերջին ժամանակներս մեզ համար ակտիվորեն դնում են այդ պայմանները, ինչը սկզբնապես չէր համարվում Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների համար որոշիչ գործոն», — ասել է Խիդաշելին:

Իր ելույթում Թինա Խիդաշելին խոսել է նաև ՆԱՏՕ-ի «բառ դռների» քաղաքականության պահպանման մասին, ինչպես նաև Մակեդոնիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է առաջիկա գագաթաժողովը:

Տեղեկացնենք, որ 2008 թվականի ապրիլին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ավարտին հանդիպմանը մասնակցած Դաշինքի անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն արեցին: Հայտարարության 23-րդ կետում նշվում է.

«ՆԱՏՕ-ն ողջունում է Ուկրաինայի և Վրաստանի եվրոատլանտյան ձգտումները ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար։ Այսօր մենք որոշեցինք, որ այս երկրները կդառնան ՆԱՏՕ անդամ։ Երկու երկրներն էլ իրենց ներդրումն ունեն Հյուսիսատլանտյան Դաշինքի առաքելություններում։ Ողջունում ենք Ուկրաինայում և Վրաստանում դեմոկրատական բարեփոխումները և մայիսին Վրաստանում ակնկալում ենք ազատ ու արդար խորհրդարանական ընտրություններ։ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլանը (MAP) Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհի հաջորդ քայլն է։ Այսօր մենք հստակեցրինք, որ աջակցում ենք այս երկու երկրների թեկնածությունը MAP-ին միանալու համար։ Այժմ քաղաքական բարձր մակարդակով կսկսվի այս երկրների հետ մեր ինտենսիվ համագործակցության շրջանը։ Մենք հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին 2008թ. դեկտեմբերի նախարարների մակարդակով նիստին գնահատական տալ արված աշխատանքին։ Արտաքին գործերի նախարարներն իրավասու են որոշում կայացնել Ուկրաինայի և Վրաստանի MAP-ի թեկնածության համար» ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *