Լիտվայի արտգործնախարար. «ՆԱՏՕ-ի գումարտակը պաշտպանվածության ազդեցություն է ստեղծում»

Լիտվայի արտաքին գործերի նախարար, նախկինում նաև պաշտպանության նախարար Լինաս Լինկյավիչյուսը (Linas Linkevičius) ռուսաստանյան «Կոմերսանտ» լրատվական կայքի հետ հարցազրույցում խոսել է Բալթյան երկրներում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի մեկական գումարտակ տեղակայելու մասին:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը Նկարը՝ DELFI գործակալության

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը
Նկարը՝ DELFI գործակալության

Նա հայտնել է, որ հավելյալ ուժեր տեղակայելը սիմվոլիկ է: «Աղմուկ կարելի է բարձրացնել երկար, բայց ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն ուղղակի լրջորեն և առարկայորեն ապահովում է անվտանգությունը [անդամ պետությունների] ոչ նրա համար, որ ինչ-որ մեկի վրա հարձակվի, դրանով ՆԱՏՕ-ն չի զբաղվելու… Ես չեմ կասկածում ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքներին, քանի որ Դաշինքը դրան շատ լուրջ է վերաբերվում: Բայց հասարակ մարդիկ անհանգստության զգացում ունեն»,— ասել է Լինկյավիչյուսը:

Նա հավելել է, որ «նույնիսկ գումարտակների ֆիզիկական սիմվոլիկ ներկայությունը պաշտպանվածության ազդեցություն է ստեղծում: Ի դեպ, զինծառայողները նույնիսկ մշտական հիմունքներով չեն տեղակայվելու. նրանք գալու են զորավարժությունների մասնակցեն և նորից հետ գնան»,— հայտարարել է Լիտվայի արտգործնախարարը:

Հավելենք, որ հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ հաստատել են Բալթյան երկրներում (Լատվիա,Լիտվա, Էստոնիա) և Լեհաստանում Դաշինքի մեկական գումարտակ տեղակայելու որոշումը: Այն ժամանակ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին, որ գումարտակները կազմված են լինելու մոտ 1000 զինծառայողից:

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ գումարտակները լինելու են Դաշինքի հրամանատարների հրամանատարության տակ, մնալու են հյուրընկալող երկրներում ռոտացիոն հիմունքներով և ոչ թե մշտական տեղակայման:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշիկովսկու հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակհայտնել էր, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը, սակայն «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները և Բալթիկ ծովից մինչև Սև ծով ՌԴ ռազմական պոտենցիալի մեծացումը» հաշվի առնելով՝ ՆԱՏՕ-ի պատասխանը պիտի լինի ապահովել իր դաշնակից պետությունների անվտանգությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *