Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն

Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է (մեջբերում ենք առանց խմբագրման).

«Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները 2016թ. հունիսի 20-ին հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում` ՌԴ Նախագահի հրավերով և քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիենայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը:

Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Կայացավ կարգավորման առանցքային/բովանդակային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում:

Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում:

Նախագահները նշեցին իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձևաչափով ի հավելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, ովքեր հրավիրված էին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ավարտին»:

Ավելի ուշ նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանրապետության նախագահը ներկայացրել է իր տպավորությունները Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներից:

Նախագահների հայտարարությունը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում: Ավելի վաղ նույն հայտարարությունը ռուսերենով հրապարակվել է նաև Ռուսաստանի նախագահի կայքում:

Իսկ Ադրբեջանի նախագահի կայքում այդ հայտարարությունը դեռ չի դրվել, և Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ստիպված ՌԴ նախագահի կայքում հրապարակված հայտարարությունն է տեղադրել Թվիթեռում:

One response to “Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն

  1. Pingback: Սարգսյանը և Ալիևը վերահաստատել են Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման համաձայնությունը. ԵԱՀԿ ՄԽ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *