Ռուսաստանը հույս ունի, որ Եգիպտոսը «Միստրալների» սարքավորումներն իրենից կգնի

Ֆրանսիայից Եգիպտոսի ձեռք բերած «Միստրալ» դասի ուղղաթիռակիր նավերի համար ռուսաստանյան սարքավորումների հնարավոր տրամադրման որոշում կարող է կայացվել: Այս մասին հունիսի 16-ին լրագրողներին ասել է ռուսաստանյան պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Սևաստյանովը Փարիզում անցկացված միջազգային Eurosatory-2016 ցուցահանդեսի ժամանակ:

Միստրալ դասի ուղղաթիռակիր նավը

Միստրալ դասի ուղղաթիռակիր նավը

Հավելենք, որ հունիսի 2-ին Փարիզում կայացել էր Եգիպտոսին «Միստրալ» դասի ուղղաթիռակիր առաջին նավի փոխանցման արարողությունը , որին մասնակցել էին Եգիպտոսի պաշտպանության նախարար Սեդկի Սոբհին (Sedki Sobhi) և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Բեռնարդ Ռոգելը (Bernard Rogel):

Նշենք, որ «Միստրալները» նախատեսված էին Ռուսաստանի համար: Դեռևս 2011 թվականին Ռուսաստանն ու Ֆրանսիան «Միստրալների» կառուցման համար պայմանագիր էին կնքել: Սակայն 2014 թվականին Փարիզն Ուկրաինայի դեպքերի պատճառով այն սառեցրեց, իսկ 2015-ին կողմերը պայմանագիրը դադարեցրին: Ըստ համաձայնության՝ Ռուսաստանին վերադարձվեց €949 մլն (~1,062 մլրդ ամերիկյան դոլար), ինչպես նաև արդեն նավերի վրա տեղադրված ռուսաստանյան սարքավորումները:

Հավելենք, որ եգիպտական կողմը նավերին կոչել է Եգիպտոսի նախագահների անուններով: Առաջին նավը, ըստ տեղեկությունների, Կահիրե պիտի հասներ մոտակա օրերին: Իսկ մյուս նավը կտեղափոխվի այս տարվա սեպտեմբերին: Մայիսի սկզբին էլ 170 եգիպտացի նավաստի մեկշաբաթյա վերապատրաստում է անցել նավի վրա: Նրանց օգնել են ֆրանսիացի մասնագետները:

Հայտնի է, որ 2 միավոր «Միստրալի» համար եգիպտական կողմը վճարել է 950 մլն եվրո (~1,064մլրդ ամերիկյան դոլար): Պայմանագիրը կնքվել էր 2015 թվականի սեպտեմբերին:

«Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավերը նախատեսված են միանգամից մի շարք խնդիրներ կատարելու համար։ Դրանք կարող են միաժամանակ տախտակամածի վրա ընդունել ուղղաթիռներ, դեսանտ իջեցնել, կիրառվել որպես զորքերի կառավարման կենտրոն, ինչպես նաև օգտագործվել որպես շարժական հոսպիտալ։ Նավի առավելագույն արագությունը 33 կմ/ժ է, նավարկության առավելագույն հեռավորությունը շուրջ 37 հազար կիլոմետր (համեմատելու համար՝ Երկրի հասարակածի երկարությունը մոտ 40 հազար կիլոմետր է)։ Նավի անձնակազմը 170 մարդ է։ Այն կարող է տեղափոխել մինչև 16 ուղղաթիռ ու 40 տանկ։ Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավի գինը մոտավոր 620 մլն ամերիկյան դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *