Վրաստանի վարչապետ. «Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»

Հունիսի 15-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա, որտեղ հանդիպել է այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելին: Համատեղ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է ընդարձակի ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը և այդ ժամանակ կդառնա Դաշինքի անդամ:  Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը

«Վրաստանը կարծում է, որ անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Դրա համար անհրաժեշտ է, որ Վրաստանը հետևողական լինի երկրի վերափոխման գործընթացին: Վրաստանը պետք է ընդարձակի ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը: Հնարավորությունների պատուհանը կբացվի այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը պատրաստ լինի: Մենք փոքր երկիր ենք, բայց հպարտ կանգնած ենք Եվրոպայի և Հյուսիսատլանտյան Դաշինքի կողքին միջազգային առաքելությունների ժամանակ և ահաբեկչությունների դեմ պայքարում: Մենք հստակ կատարում ենք ՆԱՏՕ-ին ինտեգրվելու քայլերը, մենք դա քննարկել ենք», — հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Իր հերթին Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ կամրապնդվի:

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա մենք լավ որոշում ենք գտել՝ «էական փաթեթը» [2014թ. Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթը. Substantial NATO-Georgia Package—Razm.info] , որը մենք ստեղծեցինք Վրաստանի համար: Բացի այդ, մենք շատ լավ համագործակցում ենք նաև Աֆղանստանում», — ասել է Մերկելը:

Նշենք, որ հուլիսի 8-9-ն անցկացվող գագաթաժողովում քննարկվելու է 2014 թվականին Ուելսի գագաթաժողովում Վրաստանին տրված համագործակցության փաթեթի կետերի իրականացման ընթացքը, Վրաստանի ձեռքբերումներն ու թերացումները: Գագաթաժողովում վրաստանյան պատվիրակությունը ղեկավարելու է նախագահ Մարգվելաշվիլին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *