ՀՀ ԱԱԾ որոշ հաստիքներում կկարողանան աշխատել չծառայածները

Այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, որի համաձայն ԱԱԾ որոշ հաստիքներում աշխատելու համար պարտադիր չի լինի զինծառայություն անցած լինելը:

ՀՀ ազգային ժողովն այս օրենքն ընդունել է հունիսի 13-ին:

Մինչ օրենքի փոփոխությունը ԱԱԾ-ում աշխատանքի ընդունվելու համար պարտադիր էր զինվորական ծառայություն անցած լինելը, բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաև սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց:

Ազգային ժողովում այս փոփոխությունը հունիսի 6-ին ներկայացրել էր ԱԱԾ պետի տեղակալ, Արզուման Հարությունյանը, ում խոսքով՝ օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի, որպեսզի ազգային անվտանգության մարմինների` նեղ մասնագիտական կրթություն պահանջող առանձին պաշտոններ համալրվեն գիտական աստիճան ունեցող և պարտադիր զինվորական ծառայությունից ազատված ու հետագայում պահեստազորում գրանցված անձանցով:

Նախագծի ընդունմամբ՝ բարձրագույն սպայական կազմի ծառայողների համար կսահմանվի մեկ ընդհանուր տարիքային սահմանափակում (մինչև 65 տարեկանը):

ԱԱԾ տնօրենի տեղակալի տեղեկացմամբ՝ օրենքի նախագծի ընդունման արդյունքում հետախուզական և հակահետախուզական ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող և բարձր որակավորում ունեցող ավագ սպայական կազմի առանձին ծառայողներ բացառիկ դեպքերում սահմանային տարիքի հասնելուց հետո կարող են շարունակել պաշտոնավարել առավելագույնը ևս 10 տարի, ինչի արդյունքում իրենց հարուստ փորձը կփոխանցեն երիտասարդ կադրերին, որով հետագայում դյուրին կլինի ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր և ավագ խմբի պաշտոնների համալրումը բանիմաց և փորձառու կադրերով:

Ազգային անվտանգության մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում, ըստ Արզուման Հարությունյանի, ծառայության կարող են նշանակվել ՀՀ ոստիկանության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, արդարադատության նախարարության պետական ծառայողների, դատախազների, ինչպես նաև ՀՀ նախագահի, վարչապետի կողմից պետական այլ մարմիններում նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *