Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներին

Հունիսի 15-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Ֆրանսիայից մեկնել է Բրյուսել, որտեղ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նորանշանակ նախարար Ֆիքրի Իշիկի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

«Թուրքիան պաշտպանության նոր նախարար ունի, և մեզ համար կարևոր է հարաբերություններ հաստատել մեր ռազմավարական գործընեկոջ հետ», — հայտարարել է Խիդաշելին: Վերջինս թուրք գործընկերոջը հրավիրել է Վրաստան, որտեղ նախատեսվում է անցկացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը:

Նշենք, որ դեռևս հստակ չէ, թե երբ է լինելու եռակողմ հանդիպումը:

Նույն օրը Խիդաշելին հանդիպել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակին: Քննարկել են Ուկրաինայում իրադրությունը, ինչպես նաև անվտանգության ոլորտում ռազմավարական համագործակցության հարցեր:

Վրաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները

Վրաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները

Ըստ հաղորդագրության՝ Բրյուսելում նախատեսվում է անցկացնել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի, Լեհաստանի և Խորվաթիայի պաշտպանության նախարարների հետ հանդիպումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *