ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանում ծառայությանը պատրաստվելու

Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունիսի 12-ին Հայաստանի զինված ուժերի խաղաղապահների 56 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայ խաղաղապահը Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորախմբում մարզումների ժամանակ

Հայ խաղաղապահը Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորախմբում մարզումների ժամանակ (արխիվ)

Մինչ Աֆղանստանում տեղակայվելը` հայաստանցի խաղաղապահների զորախումբը Գերմանիայում կմասնակցի մեկամսյա վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների:

Նշենք, որ այս պարապմունքները պարբերական են. Աֆղանստան մեկնող հայաստանցի խաղաղապահների յուրաքանչյուր խումբ նախապես վերապատրաստվում, մարզումներ է անցնում Գերմանիայում: ՀՀ ԶՈւ խաղաղապահների նախորդ խումբն այդ նպատակով Գերմանիա է մեկնել փետրվարին:

Ավելացնենք, որ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայություն է անցկացնում Հայաստանի զինված ուժերի 131 խաղաղապահ զինծառայող, որոնք խաղաղապահ առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյուսիսային հրամանատարության կազմում:

Ընդհանուր առմամբ, Հայաստանը միջազգային խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից: Մինչ օրս հայ խաղաղապահները մասնակցել են չորս առաքելությունների` 2004-ից Կոսովոյում, 2005-ից՝ Իրաքում, 2010-ից՝ Աֆղանստանում, 2014-ից՝ Լիբանանում։ 2015-ից էլ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի մեկ սպա որպես դիտորդ մասնակցում է Մալիում ՄԱԿ հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *