Ապրիլի մարտերից հետո չպայթած զինամթերքից առաջնահերթ մաքրվում են Արցախի գյուղական տարածքները

Արցախում չպայթած զինամթերքից և ականներից մաքրելու ենթակա տարածքներն Ապրիլյան մարտերից հետո ավելացել են 2,4 մլն քառ. մետրով (240 հեկտար): Մաքրման աշխատանքներով զբաղվող «Հալո Թրաստ» կազմակերպության տվյալներով՝ վտանգավոր տարածքներ կան Մարտակերտում, Ներքին Հոռաթաղում – Մոխրաթաղ հատվածում, Մատաղիսում, ինչպես նաև Մարտունու և Հադրութի շրջաններում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրային հեռուստաընկերության «Օր» լրատվական ծրագրից:

Ադրբեջանի զինուժի արձակած կասետային հրթիռների Մ095 չպայթած ական Արցախում. լուսանկարը՝ «Հալո Թրաստի»

Ադրբեջանի զինուժի արձակած կասետային հրթիռների Մ095 չպայթած ական Արցախում. լուսանկարը՝ «Հալո Թրաստի»

Հայաստանում «Հալո Թրաստ» կազմակերպության ծրագրի ղեկավար Էշլի Բոդիի տեղեկություններով՝ կասետային ռումբերի առատությամբ ամենավտանգավոր տարածքը Մարտակերտից հյուսիս-արևելք է ընկած, մոտ 200 հեկտար տարածք է: Ներքին Հոռաթաղ – Մոխրաթաղ հատվածում էլ հայտնաբերվել է կասետային ռումբերից մնացող Մ095 ականների հիմնական խմբաքանակը: Դրանցից 180 հատ հայտնաբերել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, իսկ ևս 50 հատ՝ «Հալո Թրաստի» սակրավորները:

«Այս տիպի կասետային ռումբերը վտանգավոր են նախ և առաջ այն պատճառով, որ ունեն գունավոր ժապավեններ, որոնք գրավիչ են առաջին հերթին երեխաների համար», — նշում է «Հալո Թրաստի» ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ այս ականներն Արցախի տարածքում գտնվող չպայթած զինամթերքից ամենավտանգավորն են: Այս ժապավենակիր ականները այստեղ են հասնում իսրայելական ԼԱՌ-160 («Գրադի» համարժեք) հրթիռներով, յուրաքանչյուր հրթիռ 104 նման ական է բերում:

«Գտել ենք 8 հատ [հրթիռ], այսինքն 832 հատ այդ փոքր տիպի չպայթած զինամթերքներից արդեն փաստորեն ընկել է: Դրանց մոտ 60 տոկոսը պայթել է, իսկ մնացածի որոնման աշխատանքները շարունակվում են», — նշում է «Հալո Թրաստ» կազմակերպության ականազերծման ծրագրի վերահսկիչ Նարեկ Առաքելյանը

«Սա պայթուցիկ բեկորային հրթիռ է, տեղեկություն ունենք, որ Մարտակերտի ուղղությամբ մի քանի հարյուր նման հրթիռ են կրակել», — ցույց տալով Մարտակերտում հայտնաբերված ԲՄ-21 «Գրադ» համակարգի հրթիռի կտորը՝ նշում է Էշլի Բոդին:

Արցախի հյուսիսում և հարավում վտանգավոր տարածքների չափագրումները դեռ վերջնական չեն համարվում: Մասնագետները շտապում են մաքրել իմացած տեղերը, որ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում դժբախտ դեպքեր չլինեն:

Նշենք, որ «Հալո Թրաստի» մասնագետները դեռ ապրիլին հրապարակել են տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանն Արցախի, այդ թվում բնակավայրերի ուղղությամբ կրակում է կասետային հրթիռներով: Ստորև ներկայացնում ենք այդ հրապարակումներից մի քանիսը:

One response to “Ապրիլի մարտերից հետո չպայթած զինամթերքից առաջնահերթ մաքրվում են Արցախի գյուղական տարածքները

  1. Pingback: 2016-ին Արցախում մաքրվել է 24 ականադաշտ. Halo Trust | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *